Մատչելիության հղումներ

Ռազմական խորհրդի նիստ Լեռնային Ղարաբաղում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորահանդես Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորահանդես Ստեփանակերտում, արխիվ

Երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված անցած բանակային տարվա արդյունքների ամփոփմանը: Նիստին ներկա էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ներկայացրել է քննարկվող ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ ըստ այդ համակողմանի վերլուծության ենթարկելով բանակի մարտական և զորահավաքային պատրաստության ու պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների կազմակերպման, սպառազինության ու տեխնիկայի շահագործման ու սպասարկման, առաջնային գծի ինժեներական կառույցների կատարելագործման, թիկունքային ապահովման, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները:

Խորհրդակցության ընթացքում ամփոփիչ խոսքով հանդես է եկել նաև Բակո Սահակյանը: Ղարաբաղի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների ընթացիկ վիճակին, առաջնային գծի ամրապնդման, զինվորական կադրերի պատրաստման, սպառազինության թարմացման, թիկունքային ապահովման, զինծառայողներրի և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին՝ հատուկ շեշտադրում կատարելով անձնակազմի դաստիարակության և միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերի վրա:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին, համաձայն Պաշտպանության բանակի հրամանատարի «2013 թվականի բանակային տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա խնդիրների մասին» հրամանի, տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ծառայությունները, զորամասերն ու ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոդրոշներով, իսկ ծառայողական պարտականությունները գերազանց կատարած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պատվոգրերի, անվանական զենքի և դրամական ու նյութական խրախուսանքների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG