Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Սարգսյան. «Ռոբերտ Քոչարյանը շանսեր չունի»


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով` եթե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին կամ նրա մարդուն նշանակի վարչապետ, ապա կմնա օդից կախված:

«Սերժ Սարգսյանը դա հրաշալի հասկանում է և երբեք այդ քայլին չի գնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետը` հավելելով, որ Քոչարյանը «թե' արտաքին, թե' ներքաղաքական առումով անընդունելի է»:

Հայաստանի երկրորդ նախագահի և այսօրվա իշխանությունների միջև սուր քննադատությամբ համեմված փոխհրաձգությունը, ըստ ընդդիմադիր գործչի, ՀՀԿ-ի ներքին խնդիրն է. - «Երկուսն էլ խոսում ենպետության ապագայից, ինչի մասին խոսելու, իմ կարծիքով, իրավունքը չունեն: Մեկը մեկի անունը ոսկե տառերով է գրում հերոսների ցանկում, մյուսը նրան անհույս է անվանում: Չեմ ուզում դրա մեջ խորանալ, որովհետև դա Հայաստանի հասարակության հետ որևէ կապ չունի: Իրենք իրենց ներքին վեճն են տանում: Իրենցից յուրաքանչյուրի իշխանության ժամանակ էլ ժողովուրդն առանձնապես գոհ չի եղել: Իրենցից յուրաքանչյուրը հիշում է բոլոր այն գործերը, ինչը իրեն ձեռնտու է: Ինչը իրեն ձեռնտու չէ, չի հիշում: Մարդը, որը 2003 թվականին փաստաթղթով ամենաաղքատ նախագահի թեկնածուն էր, նույնիսկ մշտական բնակության վայր չուներ, 2008 թվականի նախագահական ընտրություններից [հետո], պետական պաշտոն զբաղեցնելով, դարձավ Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդը: Այդ մարդը ապագայից, երկրի ճակատագրից և այլնի մասին է խոսում: Մարդը, որը այդ մարդուն հերոս է համարում ու ոսկե տառերով է ուզում անունը գրել... այս մարդկանց բանավեճին խառնվելն անշնորհակալ գործ է»:

Արամ Սարգսյանի համոզմամբ` այդ բանավեճը «հայ ժողովրդի ներկայի, ապագայի հետ որևէ կապ չունի, չի կարող ունենալ». - «Եթե ուզում են, թող այս երկու դեմքերը նախագահական ընտրություններին մասնակցեն, շատ հարմար թեկնածուներ են աջուձախ քլնգելու համար: Ու ես դա հաճույքով կանեմ»:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակի վարչապետի պաշտոնում, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Ինչքանով որ ես եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, համոզված եմ, որ ինքը, եթե նույնիսկ պայմանավորված էլ են, հիմա դա չի անի: Որովհետև եթե հիմա Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին կամ Ռոբերտ Քոչարյանի մարդուն բերի վարչապետ, ինքը ակնհայտ զրոյանալու է: Որովհետև ինքը գնացող նախագահ է, ու Հանրապետականից բռնած մնացած բոլորի կոնսոլիդացիան տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի շուրջը: Ու ինքը [Սերժ Սարգսյանը] մնալու է օդում, դառնալու է ոչ մի բան: Ու դա Սերժ Սարգսյանը հրաշալի հասկանում է»:

Դիտարկմանը, թե հնչում են տեսակետներ, որ Ռոբերտ Քոչարյանը չունի վերադառնալու համար անհրաժեշտ քաղաքական ռեսուրս, Արամ Սարգսյանն արձագանքեց. - «Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքական ռեսուրս չի ունեցել: Տեսե'ք, Լեռնային Ղարաբաղում իր քաղաքական ռեսուրսը եղել է Սամվել Բաբայանը: Նա է պաշտպանել, նա է օգնել: Հայաստան երբ եկավ, ինքը Վազգեն Սարգսյանի ժամանակ անգլիական թագուհու կարգավիճակ ուներ: Այն ժամանակ, երբ ես էի վարչապետ, հայտարարեց, որ ինքը դիտորդ է` իմ վրա թողնելով թե' Մեղրիի տարբերակով խնդրի լուծումը, թե' երկրի տնտեսության ու գազային խնդիրների լուծումը: Գազային խնդիրներ կային, որոնց մասին ես հետագայում կխոսեմ... շատ ավելի էժան Հայաստան գազ բերելու»:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը չբացառեց, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ակտիվանալ ու վերադառնալ` հենվելով «Բարգավաճ Հայաստան»-ի, Դաշնակցության, ՀՀԿ-ի որոշ ուժերի վրա. - «Ակտիվանալ ինքը կփորձի և միշտ է փորձել: Ինքը դա միշտ է ցանկացել, բայց այդպես չէ, որ ցանկացավ ու արեց... Իրեն լրացուցիչ ստիմուլներ են պետք: Այն մարդկանց ու այն ուժերին, որոնց վրա ինքը հույս է դնում, ես այդ մարդկանց քաղաքական չեմ համարում... Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը որպես թեկնածու, թե' արտաքին քաղաքական, թե' ներքաղաքական առումով, բացարձակապես անընդունելու ու անհարմար թեկնածու է: Ինքը պրոբլեմ է տեղով: Եվ այդ առումով նույն արտաքին քաղաքական լծակները շատ ավելի ուրիշ, լուրջ թեկնածություններ ունեն, որոնք շատ ավելի հեշտ, շատ ավելի անխոցելի, շատ ավելի հարմար տարբերակներով կարող են պաշտպանվել և արդյունքի հասնել` առանց Արևմուտքի հակադրանքի, կամ Արևմուտքի պարագայում առանց Ռուսաստանի հակադրանքի, քան Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանը շանսեր չունի, իր շանսերը զրո է»:
XS
SM
MD
LG