Մատչելիության հղումներ

logo-print

Ստուգման ենթարկված պետական մարմիններում խախտումները միշտ հայտնաբերվում են


Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյան

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյան

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանի ներկայացմամբ, չի եղել գեթ մեկ դեպք, երբ պետական մարմինը ստուգման է ենթարկվել ու պարզվել է, որ այն ամբողջովին գործում է օրենքի շրջանակում:

Սոնա Ղարիբյանի ղեկավարած մոտ հիսուն հոգանոց հիմնարկի խնդիրն է բացահայտել պետական բյուջեի հետ կապված չարաշահումները։ Ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իրենց աշխատանքի 2013 թվականի արդյունքները՝ տեսչության պետը տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում պետբյուջե վերականգնվել է 2.3 միլիարդ դրամ. 2012-ին վերականգնված գումարից ավելի քան երկու անգամ շատ, հպարտությամբ ընդգծեց Սոնա Ղարիբյանը:

Անցած տարվա ընթացքում ֆիննախի ֆինանսական վերահսկողության տեսչությունը կենտրոնացել է նաև Պետեկամուտների կոմիտեի գործունեության վրա։ Ղարիբյանի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի ընդամենը երկու ստորաբաժանումներում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ կառույցի «ոչ պատշաճ» աշխատանքի հետևանքով պետբյուջեին հասցվել է մոտ 600 միլիոն դրամի վնաս: Այսինքն, մանրամասնեց, Սոնա Ղարիբյանը, այդքան հարկ պետք էր հավաքեր, սակայն չի հավաքվել:

Հարց հնչեց՝ եթե ՊԵԿ-ի ընդամենը երկու ստորաբաժանման աշխատանքի ստուգման արդյունքում պարզվել է, որ պետբյուջե մուտք չի արվել մոտ 600 միլիոն դրամ, ինչո՞ւ ստուգումներ չեն արվել Պետեկամուտների կոմիտեի այլ ստորաբաժանումներում ևս։

«Ինչ վերաբերում է հարկային տեսչությունների քիչ քանակով ընտրությանը, նախ մեր տեսչությունը ծավալներով, մարդկանցով առանց մի րոպե ազատ մնալու ստուգումներ է իրականացնում։ Երկրորդ՝ մենք ստուգումներ կարող ենք իրականացնել, եթե այդ ստուգումը ընդգրկված է տարեկան հաստատված ծրագրով կամ եթե խիստ ռիսկային ոլորտ է, լրացուցիչ հատուկ հանձնարարական է գալիս, կամ իրավապահ մարմինների որոշումների հիման վրա»,- ասաց Ղարիբյանը։

Նշենք, որ ՊԵԿ-ից այսօր չարձագանքեցին տիկին Ղարիբյանի հրապարակումներին:

Ֆիննախի ֆինանսական վերահսկողության տեսչության պետը ասաց, որ ստուգել են նաև չորս մարզեր՝ Լոռի, Կոտայք, Գեղարքունիք ու Արարատ, և ստուգումների արդյունքում պետբյուջե վերականգնվել է շուրջ 200 միլիոն դրամ: Ընդ որում, այդ չորս մարզերից ամենամեծ վնասը պետբյուջեին հասցրել է Արարատի մարզը՝ ավելի քան 100 միլիոն դրամի:

Հիշեցնենք, 2013-ի հոկտեմբերին շատերի համար անակնկալ կերպով հրաժարական ներկայացրեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ իր այդ քայլը պատճառաբանելով տարիքային գործոնով:

Սոնա Ղարիբյանը ասաց, որ որոշ բացահայտումներ տեսչությունը ուղարկել է դատախազություն, կան հարուցված հինգ քրեական գործեր:

Բանախոսին հիշեցրեցինք սկանդալային մի շարք դեպքեր, երբ այս տարվա գարնանը պարզվեց, որ նախագահի աշխատակազմից մոտ 500 միլիոն դրամի դրամաշնորհ ստացած մի շարք կազմակերպություններ ուղղակի չեն հայտնաբերվել, երբ նոյեմբերին կառավարությունը 12 միլիոն դրամ հատկացրեց ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ընդամենը մեկ տարվա արտոնագիրը գնելու և այն մասնավոր հեռուստաընկերությունով ցույց տալու համար, կամ Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը 60 միլիոն դրամ հատկացրեց Հանրապետության հրապարակի տոնածառի և լուսավորության համար:

Արդյոք այս բոլոր դեպքերում տիկին Ղարիբյանը պետբյուջեի չարաշահման ռիսկեր չի տեսնո՞ւմ, հարցրեցինք.- «Հնարավոր է ռիսկային լինեն, բայց դրանք այն օբյեկտների կողմից են հատկացվել, որոնք մեր դիտակետում 2013-ին չեն եղել»,- պարզաբանեց Ղարիբյանը։
XS
SM
MD
LG