Մատչելիության հղումներ

Թուրքիայում քաղաքական ցնցումները շարունակվում են


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան

Թուրքիայում քաղաքական ցնցումները շարունակվում են, հերթը դատախազությանն է հասել: Այսօր պաշտոնից ազատվել են Թուրքիայի գլխավոր դատախազը և նրա հինգ տեղակալները: Ընդհանուր առմամբ հեռացվել կամ ավելի ցածր պաշտոնի է նշանակվել դատախազության 20 աշխատակից:

Դատախազությունում կադրային այս փոփխությունները հաջորդեցին ոստիկանական համակարգում կառավարության իրականացրած կադրային ջարդին: Հիշեցնենք, այն բանից հետո երբ անցած տարվա դեկտեմբերին ոստիկանությունը «Մեծ կաշառք» գործողության շրջանակներում կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալեց տասնյակ պաշտոնյաների, մի քանի նախարարների որդիների և բանկային համակարգի աշխատակիցների, թուրքական կառավարությունը սկսեց կադրային փոփոխություններ իրականացնել ոստիկանությունում. նախ աշխատանքից ազատվեցին ձերբակալություներն անցկացրած բաժինների ղեկավարներին իրենց տեղակալներով, այնուհետև մեկ գիշերվա մեջ շուրջ 350 ոստիկաններ հեռացվեցին, իսկ հունվարի 8-ին կառավարությունը փոխեց 16 մարզերի ոստիկանապետերին:

Կոռուպցիոն սկանդալի հետևանքով վարչապետ Ռեջեփ Էրդողանը ստիպված եղավ նաև փոփոխություններ կատարել իր կառավարության կազմում` պաշտոնանկ արվեցին 10 նախարարներ:

Թուրքական մամուլը գրում էր, որ իրավապահները պատրաստվում են կոռուպցիոն մեղադրանքով աղմկահարույց ձերբակալությունների երկրորդ փուլին, որի թիրախում է նաև վարչապետի որդին:

Երեկ, սակայն թուրքական խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Թուրքիայի արդարադատության նախարարը հերքել է վարչապետի որդու՝ Բիլալ Էրդողանի հնարավոր ձերբակալության մասին լուրերը` նշելով, թե նման թույլտվություն չի եղել և չկա:

Վարչապետ Էրդողանը «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողությունը համարում է սադրանք և դավադրություն իր կառավարության դեմ:

Ըստ Էրդողանի աջակիցների` դավադրության հետևում կանգնած է Ամերիկայում բնակվող ազդեցիկ հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով մեծ ազդեցություն և լծակներ ունի թուրքական ոստիկանության և արդարադատության համակարգում, ինչը և այժմ Էրդողանի կառավարությունը փորձում է կադրային փոփոխությունների միջոցով վերացնել: Ժամանակին Գյուլենը աջակցել է նաև Էրդողանին և նպաստել նրա քաղաքական առաջխաղացմանն ու դիրքերի ամրապնդմանը:

Ըստ թուրք վերլուծաբանների` այս քաղաքական ճգնաժամը հնարավոր է պայմանավորված է Թուրքիայում սպասվող առաջին ուղղակի նախագահական ընտրություններով, որում Էրդողանը պատրաստվում է լուրջ պայքարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար:
XS
SM
MD
LG