Մատչելիության հղումներ

Սիրիահայերին ծեծի ենթարկելու համար յոթ հոգու մեղադրանք է առաջադրվել


Ոստիկանությունը յոթ հոգու մեղադրանք է առաջադրել սիրիահայ ընտանիքին՝ հորը և երկու որդիներին ծեծի ենթարկելու համար։

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 113 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար։ Ոստիկանությունը չի մանրամասնում, թե ովքեր են այդ յոթ անձինք, ովքեր, ըստ քրեական գործի, մեղադրվում են սիրիահայ Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծելու համար։

«Մանանդ» տաքսի ծառայության սեփականատեր Քաջիկ Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Միսաք Արշակյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Կարապետյանի երկու որդիներին՝ Արթուր և Ռազմիկ Կարապետյանին ևս մեղադրանք է առաջադրվել։ Հենց նրանք են իրենց ընկերների խմբով անցած տարեվերջին ծեծկռտուք սարքել սիրիահայերի վաճառքի կետում։

Սիրիահայերը նկատում են, որ ծեծողները օգտվել են իրենց անպաշտպան, խոցելի լինելուց։

«Էդ 30 հոգանոց խմբի մեջ արդյոք մի հոգի չի եղե՞լ, որ հարց տա՝ մենք ում ենք խփում, ինչի համար ենք խփում։ Թե մտածում են՝ օրենք չկա, մենք դրսից ենք եկել, ոչ մի ծանոթ չունենք, չենք կարողանա էս հարցերը լուծել, պիտի էսպես գային ու անցներ գնար»։

Դեպքից հետո երեքն էլ դիմել են բուժհաստատություն։ Ծեծից հետո կրտսեր որդու՝ Քրիստի ձախ աչքի տեսողությունը վատացել է։

Սիրիայից յոթ տարի առաջ հայրենիք տեղափոխված, մայրաքաղաքում հաստատված Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման և պահեստամասերի վաճառքի գործ է ձեռնարկել։ Դեպքի առիթ է դարձել պահեստամասի գնի շուրջ անհամաձայնությունը։ «Մանանդի» սեփականատիրոջ որդիները՝ Արթուր և Ռազմիկ Կարապետյաններն ու նրանց ընկերները ներխուժել են վաճառքի կետ ու ծեծել այնտեղ գտնվող Արմենակ Բրուտյանին ու նրա երկու որդիներին՝ Մանուկին և Քրիստին։

Երեկ «Մանանդի» սեփականատիրոջ կողմից իրենց մոտ մարդ է եկել՝ հաշտություն առաջարկելու։ Ինչպես պատմում է միջնեկ որդին, Սարգիս Բրուտյանը, առաջարկվել է բարոյական ու նյութական օգնություն, այդ թվում և Քրիստի տեսողությունը արտերկրում վերականգնելու համար։ Ընտանիքը, սակայն, համաձայնություն չի տվել։ Նրանք շարունակում են արդարություն պահանջել։

Սիրիահայերի հետ երեկ հանդիպողը Կարապետյանի բարեկամ, լիազոր ներկայացուցիչ Միսաք Արշակյանն էր։ Նա նշում է, որ պատրաստ են ամեն ինչ անել սիրիահայ բարեկամներին աջակցելու համար։

«Տհաճ բան է տեղի ունեցել, և կփորձենք այնպիսի քայլեր անենք, որ իրենց բարոյական վնասը հարթվի, և իրենք իմանան, որ իրենց բարեկամների մոտ են ապրում, որևէ խնդիր չունեն»,- ասաց Արշակյանը։

Սիրիահայերի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են։ Ընտանիքն արդեն մի քանի երկրների բժիշկների է ուղարկել Քրիստի բժշկական փաստաթղթերը։ Սպասում են պատասխանի, ինչից հետո կքննարկեն «Մանանդի» սեփականատիրոջ հաշտեցման առաջարկը։

«Պատասխանը ստանանք, նոր... այստեղի բժիշկը ասաց՝ մի գնացեք, բացառված է բուժումը, նույնիսկ Եվրոպայում չեն կարողանա բուժել»,- ասաց հայրը։

Եթե արտասահմանյան բժիշկները բուժման հնարավորության մասին հավաստիացումներ տան, սիրիահայ ընտանիքն այդ դեպքում գուցե և ընդունի հաշտության առաջարկը։ Նրանց զայրույթը, սակայն, դեռ չի մարել։ Շարունակում են պնդել, որ իրականում ոչ թե իրենք են նախահարձակ եղել, այլ Արթուր Կարապետյանը։ Մինչդեռ «Մանանդի» սեփականատերը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ ամեն ինչ սկսվել է Արթուրի վրա հարձակվելով։ Սարգիս Բրուտյանը վեճի է բռնվել իր հետ ու ծեծել, ինչից հետո Արթուրը հեռացել է ու հետ է վերադարձել 3 ժամ անց արդեն խմբով։

«Իրենք ստում են»,- պնդում են սիրիահայերը։

Սիրիահայ ընտանիքի վաճառքի կետը գտնվում է ավտոսպասարկում իրականացնող տարբեր կետերի հարևանությամբ։ Տարածքի պահակն է կանչել ոստիկանություն, հարևանությամբ աշխատող սիրիահայերին ևս անհանգստացրել է կատարվածը։ Վկա էլ ունեն։

«Մանանդի» սեփականատերն «Ազատության» հետ զրույցում ցավ ու ափսոսանք էր հայտնել կատարվածի համար՝ որդիների արարքը «սխալ» որակելով։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG