Մատչելիության հղումներ

Արևմուտքը դատապարտում է Գերագույն Ռադայի նոր նախաձեռնությունները


Եվրոպամետ ցուցարարները բերանները փակել են «դիկտատոըւրա» գրությամբ ժապավենով և կանգնել հատուկ ոստիկանության ջոկատի առջև։ Կիև, 17 հունվարի, 2014թ.

Եվրոպամետ ցուցարարները բերանները փակել են «դիկտատոըւրա» գրությամբ ժապավենով և կանգնել հատուկ ոստիկանության ջոկատի առջև։ Կիև, 17 հունվարի, 2014թ.

Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է ցույցերը կոշտ և արագ մեթոդներով ցրելու օրինագծեր և լրամշակել է օրենքը, որով մեծամասնություն կազմող իշխող կուսակցությունը կարող է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել չափազանց ակտիվ ընդդիմադիր գործընկերներին։

Եվրամիությունն անմիջապես դատապարտել է Գերագույն Ռադայի այդ նախաձեռնությունները։ Ուկրաինայում Եվրամիության դեսպան Յան Տոմբինսկին ասել է, որ նոր օրինագծերն ընդունելիս` պատգամավորները ոչ թե էլեկտրոնային համակարգի միջոցով, այլ ձեռքով են քվեարկել, ինչն ինքնին արդեն օրենքի կոպիտ խախտում է։

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն ասել է, որ նոր օրենքներն էապես սահմանափակում են քաղաքացիների ազատությունը։ Այդ օրենքների համաձայն, հանրային վայրում վրան տեղադրելու համար անձը կվճարի մոտ 650 դոլարի տուգանք կամ 15 օրով կազատազրկվի, առանց թույլտվության հավաքներ անցկացնող մարդիկ կամ կազմակերպությունները կվճարեն 1275 դոլարի հասնող տուգանք կամ կդատապարտվեն տասնօրյա կալանքի։

Պատգամավորին մանդատից զրկելու համար այլևս չի պահանջվի Գերագույն Ռադայի պատկան հանձնաժողովի հավանությունը։ Լրամշակվել է Քրեական օրենսգիրքը, և հետայսու զրպարտությունը նորից կհամարվի քրեորեն պատժելի, ինչը պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ է տալու քննադատություն չհանդուրժող պաշտոնյաներին։

Օրինագծում աղոտ և ընդհանուր տերմիններով ներկայացվել է «ծայրահեղական նյութեր» եզրը, մամուլում և համացանցում նման նյութերի տարածումը խիստ պատիժ է նախատեսելու։

Իշխող կուսակցության պատգամավորները պաշտպանում են այդ նախաձեռնություններն, ասելով, թե դրանք անհրաժեշտ են բողոքների տևական ժամանակաշրջանում գտնվող երկրում քաղաքացիներին պաշտպանելու և պետական օղակների բնականոն աշխատանքը վերականգնելու համար։

«Խաղաղ հավաքների իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ, ցանկացած այլ միջոցառում, որը վտանգում է հասարակական անդորրը, խաղաղ ցույց չի համարվում, պետական կառույցների աշխատանքը խաղաղ հավաքների և պիկետների արդյունքում կաթվածահար չի լինում»,- ասել է իշխող ուժը` Ռեգիոնների կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ Էշթոնին խիստ մտահոգել են Կիևից ստացվող հաղորդագրությունները։

«Գերագույն Ռադայի ընդունած օրենքներից մի քանիսը սահմանափակում են Ուկրաինայի քաղաքացիների հիմնարար իրավունքները Դրանք ընդունվել են հապճեպորեն` խորհրդարանական ընթացակարգերի և դեմոկրատական սկզբունքների աղաղակող խախտումներով»,- ասել է Կոչիյանչիչը։

Եվրամիության արտգործնախարարները հունիսի 20-ին Բրյուսելում քննարկելու են Ուկրաինայում ստեղծված վիճակը։ Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը երեկ հրապարակել է հայտարարություն, նշելով, որ «Ուկրաինայի ղեկավարների քայլերը լուրջ կասկածի տակ են դնում երկրի հավատարմությունը դեմոկրատական նորմերին»։

Կացությունը սրվել է, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել է նոյեմբերին ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրն ու նախընտրել է Ռուսաստանի հետ առավել սերտ կապերը։

Հարյուր հազարավոր ուկրաինացիներ Կիևի Անկախության հրապարակում` Մայդանում բողոքում են Յանուկովիչի որոշման դեմ։ Ուկրաինայի ընդդիմության լիդերներից ՈԻԴԱՌ կուսակցության ղեկավար, բռնցքամարտի աշխարհի նախկին ծանրքաշային չեմպիոն Վիտալի Կլիչկոն նախագահ Վիկտոր Յանուկովիչին է մեղադրել։

«Խորհրդարանի որոշումներից հետո մարդիկ զրկվեցին իրենց քաղաքացիական իրավունքներից, էլ չեն կարող գտնվել հրապարակում, էլ չեն կարող վրաններ տեղադրել, չեն կարող քննադատել կաշառված դատավորներին, անձը, ով այս դիկտատուրան է սահմանել Ուկրաինայում` Վիկտոր Յանուկովիչն է»,- ասել է Կլիչկոն։

Ուկրաինացի իրավապաշտպաններն այսօր ասել են, որ «ընդունելով այդ նոր օրենքները` Գերագույն Ռադան պատերազմ է հայտարարել քաղաքացիական հասարակությանը»։
XS
SM
MD
LG