Մատչելիության հղումներ

«ՀայՌուսգազարդ»-ը դարձավ «Գազպրոմ Արմենիա»


«Գազպրոմ»-ի լոգոն
«Գազպրոմ»-ի լոգոն
Հինգշաբթի երեկոյան Մոսկվայում՝ «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ու «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի միջև ստորագրվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին վաճառելու մասին պայմանագիրը: Այս մասին հաղորդում է «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքէջը:

«ՀայՌուսգազարդ»-ը այլևս 100 տոկոսով հանդիսանում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունը: Հաղորդվում է նաև, որ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվել է և այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»:

«Այս գործարքը ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական համագործակցությանը»,- պայմանագրի ստորագրումից հետո հայտարարել է Միլլերը:

Ուշագրավ է, որ հայաստանյան հանրությունը, ինչպես երկրի համար կարևոր բազմաթիվ այլ պայմանավորվածությունների, այնպես էլ այս գործարքի մասին առաջինը տեղեկացավ օտարերկրյա աղբյուրից: Հայաստանի կառավարության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության կայքէջերը այսօր այդպես էլ որևէ տեղեկություն չհրապարակեցին, չեղավ նաև մամուլի հաղորդագրություն: «Հայռուսգազարդից» նույնպես որևէ արձագանք չստացվեց:

Հիշեցնենք, նախօրեին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև կնքվող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին»: Կառավարությունը նաև իր որոշմամբ լիազորեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին Հայաստանի կառավարության անունից ստորագրել առուվաճառքի մասին պայմանագիրը:

Անցած տարվա դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագիր ստորագրվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին»: Այդ համաձայնագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվեց մինչև 2014 թվականի հունվարի 17-ը «Գազպրոմ»-ին փոխանցել «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը՝ 155 միլիոն դոլարի պարտքը մարելու համար, որն առաջացել էր նախորդ ամիսներին մատակարարված ռուսական գազի դիմաց:

2013-ին «Գազպրոմը» 1.96 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է մատակարարել Հայաստանին:

Ըստ 2013-ի դեկտեմբերին կնքված վերոհիշյալ համաձայնագրի՝ մինչև 2043 թվականը Հայաստանը պարտավորվել է Ռուսաստանից գազ գնելիս այն ձեռք բերել միայն «Գազպրոմ»-ից:

Գազային այս համաձայնությունը սուր քննադատության է արժանանում Հայաստանում, շատերն այն բնորոշում են որպես ստրկացուցիչ:

Հայաստանի իշխանությունները և Ռուսաստանի տարաբնույթ պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության պատճառներից մեկն էլ էժան գազն է լինելու, որը Մոսկվան պետք է մատակարարի մեզ միությանը մաս դառնալու փոխարեն և այդ գազի գինը կապված է լինելու Ռուսաստանի ներքին գներին: Ու այդ տրամաբանությամբ է կքնվել հայ-ռուսական գազային համաձայնագիրը:

Մինչդեռ, պարզվում է՝ գազի գինը Հայաստանում մի քանի անգամ ավելի բարձր է, քան Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում:

«Գնային շատ մեծ տարբերություն կա Մաքսային միության գործող անդամ երկրներում և Հայաստանում: Օրինակ՝ Ռուսաստանում գազը 3 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում, Բելառուսում գազը 4.5 անգամ ավելի էժան է քան Հայաստանում, իսկ Ղազախստանում գազը 6.5 անգամ ավելի էժան է քան Հայաստանում», - «Ազատության» հետ զրույցում մատնանշեց «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, ով ուսումնասիրել է հարցը:

2013-ին «Գազպրոմը» 1.96 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է մատակարարել Հայաստանին:
XS
SM
MD
LG