Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայի դպրոցներում կդասավանդվի Հայոց ցեղասպանության մասին


Ցեղասպանության ժամանակ տեղահանված հայկական ընտանիք, լուսանկարը՝ գերմանացի սպա, Հայոց ցեղասպանության վավերագրող Արմին Վեգների

Ցեղասպանության ժամանակ տեղահանված հայկական ընտանիք, լուսանկարը՝ գերմանացի սպա, Հայոց ցեղասպանության վավերագրող Արմին Վեգների

Ըստ ընդունված բանաձևի՝ նահանգի պետական ուսումնական ծրագրերում կընդգրկվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը, այդ թվում՝ այն վերապրածների բանավոր վկայությունները:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կրթական հարցերով ենթահանձնաժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը ուսումնական ծրագրերում ներառելու մասին բանաձևը:

Համաձայն փաստաթղթի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը պետք է ընդգրկել Կալիֆորնիայի պետական ուսումնական ծրագրերում և ընդլայնել հայ ժողովրդի, ինչպես նաև այլ ազգերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործումը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը ասաց, որ Կալիֆորնիայի պատկան մարմիններն այս պահից սկսած պարտավորված են լինելու կյանքի կոչել ընդունված բանաձևից բխող քայլերը:

«Մի քանի տարի առաջ Կալիֆորնիայում օրենք դարձավ, որ պետք է Հայոց ցեղասպանության մասին դասավանդվի 10-րդ կարգի (դասարանի) աշակերտներին, բայց իրականում շատ գործի չէր դրվել այդ օրենքը՝ զանազան պատճառներով: Ադրին Նազարյանը, որ ներկայացնում է Կալիֆորնիայի մեր գաղութի բաժինը, ստանձնեց այս գործը և այդ առաջարկը ներկայացրեց, որ գրքերից բացի նաև վերապրողներ, որ տեսանյութերում իրենց պատմություններ են պատմում, դրանք ցուցադրվեն աշակերտներին, և նաև գրքերում արդեն դասավանդվի Հայոց ցեղասպանության մասին», - փոխանցեց Հովսեփյանը:

Կալիֆորնիայում գործում է շուրջ 1300 հանրակրթական դպրոց, և առաջիկայում այդ դպրոցների պատմության ուսուցիչները հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցնելու, որպեսզի «Համաշխարհային պատմություն» առարկայի շրջանակներում աշակերտներին ներկայացնեն նաև ցեղասպանությունների մասին պատմական տվյալներն ու վերապրածների վկայությունները:

«Պետք է մենք էլ նաև մաս կազմենք այդ գործին, որ իրենց պատրաստենք: Ուսուցիչները պետք է սովորեն այդ խնդիրը, որպեսզի իրենք էլ իրենց հերթին աշակերտությանը փոխանցեն», - ասաց Նորա Հովսեփյանը:

Ավելացնենք, որ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի ղեկավարությունը դեռևս 2012 թվականին ձեռնամուխ է եղել հայազգի ռեժիսոր Մայքլ Հակոբյանի նկարահանած՝ ցեղասպանություն վերապրածների տեսագրությունների թվայնացմանը:

Մի քանի հարյուր մարդկային պատմություններից բաղկացած արխիվը աշխարհին դարձնելը ստանձնել էր աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփլիբերգի կողմից հիմնադրված «Շոա» հիմնադրամը, որը զբաղվում է հենց ցեղասպանություն վերապրածների վկայությունների արխիվացմամբ:
XS
SM
MD
LG