Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել մոտ 25 տարի առաջ կատարված սպանության համար հետախուզվող մի անձի հայտնաբերելու մասին:

«1989 թվականի հունիսի 22-ի երեկոյան 1969 թվականին ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով (ներկայիս Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով), խափանման միջոց էր ընտրվել կալանքը, Արթուր Անտոնյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Արթուր Անտոնյանը չհայտնաբերվեց, սակայն ոստիկանների աշխատանքն այդ ուղղությամբ չէր դադարում», - ասված է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրությունում:

Օրերս Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Անտոնյանը փոխել է անուն-ազգանունը և անձնագրային այլ տվյալներով թաքնվում է Ռուսաստանի Սամարայի մարզում:

«Անհապաղ հաղորդագրություն ուղարկվեց ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն՝ խնդրելով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ռուս գործընկերներից ստացված հաղորդագրությունը փաստում էր՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի վերը նշված նկարագրին համապատասխանող անձնավորություն՝ ՌԴ քաղաքացի Սաշա Սողոմոնյանը, որն ապրում է Սամարայի մարզում: ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն ուղարկվեցին Արթուր Անտոնյանի լուսանկարը և մատնադրոշմային քարտերը՝ նույնականացում կատարելու համար: Արդյունքում պարզվեց, որ Արթուր Անտոնյանը և Սաշա Սողոմոնյանը նույն անձն են», - փոխանցում է Հայաստանի ոստիկանությունը և տեղեկացնում, որ աշխատանքներ են տարվում տվյալ անձին Հայաստան տեղափոխելու հարցը լուծելու ուղղությամբ:

Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ կատարված սպանության համար սահմանված է 8-15 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG