Մատչելիության հղումներ

logo-print

Առաջիկա տասնամյակում գլխավոր վտանգը անհավասարությունն է


Դավոսի ֆորումի լոգոն

Դավոսի ֆորումի լոգոն

Դավոսում հաջորդ շաբաթ տեղի կունենա Համաշխարհային տնտեսական ֆորումը:

Ոչ միայն Հայաստանում, այլև սոցիալ-տնտեսական բազում բարդությունների փուլում գտնվող աշխարհի տասնյակ այլ երկրներում վերջին ժամանակաշրջանում բողոքի ակցիաներ են։

Մարդիկ դժգոհում են, քանի որ եկամուտները ցածր են, հարկերը՝ բարձր, բիզնեսի պայմաններն անարդար են, հանրային հարստությանը տիրանում է այս կամ այն պետության վերնախավը, իսկ բնակչության մեծ մասը` մանավանդ ճգնաժամից տուժող երկրներում, հազիվ ծայրը ծայրին է հասցնում։

Դավոսում հունվարի 22-25-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Շվեյցարիայում ամեն տարի գումարվող այդ գագաթնաժողովի մասնակիցների թվում են տասնյակ պետությունների ղեկավարներ, առաջատար տնտեսագետներ, ֆինանսիստներ և գործարարներ։

Համաշխարհային տնտեսական ֆորումը Մարշալ և ՄըքԼեննան ընկերության, Ցյուրիխի ապահովագրական ընկերության, Օքսֆորդի, Սինգապուրի և Փենսիլվանիայի համալսարանների հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ կազմել է «2014 թվականի գլխավոր ռիսկեր» զեկույցը, որում համաշխարհային կայունությանը սպառնացող վտանգների թվում առաջինը նշվում է հանրային հարստության և զարգացումից ստացվող եկամուտի անհավասար բաշխումը։

Այլ ռիսկերի ցանկում են եղանակի աննախադեպ տատանումները, գործազրկությունը՝ հատկապես երիտասարդների շրջանում, ֆինանսական ճգնաժամը, աշխարհքաղաքական վտանգները, ինչպես նաև կիբերհարձակումները։

Մոտ 700 փորձագետ է աշխատել զեկույցի վրա։ Նրանց համոզմամբ՝ մեծահարուստների և աղքատների եկամուտների միջև հետզհետե ահագնացող անհավասարությունը առաջիկա տասնամյակում կարող է լուրջ վնաս հասցնել ամբողջ աշխարհին։

«Այդ ռիսկերից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել համաշխարհային մակարդակի ճգնաժամի, սակայն առավել ծանր վիճակ կստեղծվի, եթե դրանք ի հայտ գան միասին և փոխլրացնեն միմյանց», - ասել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ավագ տնտեսագետ Ջենիֆեր Բլանկեն և ավելացրել, որ առանցքային դերակատարները, մեծ պատասխանատվություն ստանձնած մարդիկ այդ պայմաններում պարտավոր են համակարգված գործել։

«Սուիս Ռե» ապահովագրական ընկերության ռիսկերի բաժնի ավագ փորձագետ Դեյվիդ Քոուլի համոզմամբ՝ լուրջ մարտահրավերների առաջ է հայտնվել երիտասարդ սերունդը։

«Զարգացած երկրներում երիտասարդները դժվարությամբ են աշխատանք գտնում և ստիպված են աջակցել ծերացող բնակչությանը, իսկ զարգացող երկրներում կան աշխատատեղեր, բայց չկան լավ պատրաստված կադրեր։ Անհրաժեշտ է հենց այսօր նստել ջահելների հետ սեղանի շուրջ և լուծումներ որոնել, բարեփոխել կրթության համակարգը, ստեղծել արդյունավետ գործող աշխատանքի շուկա», - ասել է Քոուլը։

Դավոսի գագաթնաժողովին ընդառաջ ֆորումի կազմակերպիչներն ասուլիս են հրավիրել։ Ֆորումի հիմնադիր և նախագահ Քլաուս Շվաբն ասել է, որ կան ազդակներ, որոնք վկայում են աշխարհի տնտեսության վերականգնման մասին։ Միաժամանակ, նա ասել է, որ էական աճ չի լինի։

«Ես ենթադրում եմ, որ առաջիկա 5, գուցե 10 տարիներին կլինի տնտեսության համեմատաբար դանդաղ զարգացում։ Բայց նույնիսկ եթե մենք դուրս գանք ճգնաժամից, մենք չենք վերադառնա տնտեսական զարգացման նախաճգնաժամյան ցուցանիշին», - ասել է Շվաբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG