Մատչելիության հղումներ

logo-print

Փոստանջյանը վստահ է՝ ազգային պատվիրակությունում իր լիազորությունները կվերականգնվեն


Զարուհի Փոստանջյանը համոզված է՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակությունում իր լիազորությունները վերականգնվելու են։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցությունից Ստրասբուրգ մեկնելու հրավեր է ստացել։ Վեհաժողովի ձմեռային նստաշրջանը 27-31-ը տեղի կունենա, սակայն Հովիկ Աբրահամյանը, ինչպես և խոստացել էր, չի հաստատել նրան նոր պատվիրակության կազմում։ Նրա փոխարեն՝ որպես պատվիրակության փոխարինող անդամ, Ստրասբուրգ կմեկնի իշխանական «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը։

«Այս պահի դրությամբ ես Հայաստանի ազգային պատվիրակության անդամ եմ։ Որպեսզի տեղի ունենա Հայաստանի պատվիրակության կազմի փոփոխություն, պետք է կազմը նախ հաստատվի ԵԽԽՎ-ի կողմից»,- փոխանցեց ընդդիմադիր պատգամավորը։

Ստրասբուրգյան գործուղումն ապահովելու համար Միացյալ Նահանգներում գտնվող «Ժառանգության» ներկայացուցիչը նամակով դիմել է ԱԺ նախագահին և սպասում է պատասխանի։ Եթե այն դրական չլինի, դրանից հետո կմտածի՝ ստրասբուրգյան հրավերն ինչպես ընդունի։ ԱԺ-ից «Ազատությանը» տեղեկացրին, որ Զարուհի Փոստանջյանի գործուղումը չեն պատրաստվում կազմակերպել։

Կազինոյում խաղալու մասին Սերժ Սարգսյանին տված հարցից հետո պատվիրակության կազմից հանելու՝ Հովիկ Աբրահամյանի որոշումը «Ժառանգության» ներկայացուցիչը «հետապնդում» էր որակել և ԱԺ նախագահին դժվարին օրեր խոստացել։ Այս հայտարարություններին հետևեցին Փոստանջյանին նամակները ԵԽԽՎ-ի տարբեր պաշտոնյաներին։ Հաշվի առնելով ԵԺԿ խմբակցության ղեկավարի նամակը՝ նոյեմբերի վերջին վեհաժողովի կանոնադրության և անձեռնմխելիության հանձնաժողովն արդեն քննարկել է հայկական պատվիրակությունում Փոստանջյանի հնարավոր չներկայացվելու հարցը։

Փոստանջյանը վստահ է՝ եթե չհայտնվի պատվիրակության կազմում, ԵԺԿ-ն կվիճարկի պատվիրակության լիազորությունները։

«Եթե մեր պատվիրակությունը ներկայացված է լինում առանց «Ժառանգություն» խմբակցության, ապա տեղի է ունենալու մեր պատվիրակության լիազորությունների վիճարկում, որը կնախաձեռնի ԵԺԿ խմբակցությունը, այն թվով ամենամեծն է ԵԽԽՎ-ում»,- շեշտեց պատգամավորը։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հիմնական անդամ, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ լիագումար նիստի մեկնարկին, երբ հաստատվում են ազգային պատվիրակությունների կազմերը, եթե տասը պատգամավորները կանգնեն և վիճարկեն այս կամ այն երկրի պատվիրակության լիազորությունները, հարցը կդառնա կանոնադրական հանձնաժողովի քննարկման առարկա։ Բայց Զոհրաբյանը վստահ է՝ Փոստանջյանի լիազորությունները չեն վերականգվի։

«Ազգային պատվիրակության կազմավորվելու վերաբերյալ կանոնադրության հիմնական պահանջները մեր պատվիրակության դեպքում պաշտպանված են»,- ասաց նա։

Զարուհի Փոստանջյանը վստահ է՝ ԵԺԿ-ն կապահովի այդ տեխնիկական գործընթացը։

«Ապարդյուն էր Հովիկ Աբրահամյանի կողմից նման գործընթաց սկսելը, բայց եթե նախաձեռնել են, ապա պետք է այս նախաձեռնությունը, իհարկե, ունենա իր գնահատականը, որը կարծում եմ՝ կտա Եվրոպայի խորհուրդը»,- ասաց նա։

Փոստանջյանին հայկական պատվիրակությունից հանելու՝ ԱԺ նախագահի որոշումը արդյոք հաշվեհարդա՞ր չէր։ Այս հարցին պատասխանելիս ԲՀԿ-ի ներկայացուցիչը զերծ մնաց գնահատականներից, բայց ասաց՝ Փոստանջյանին լավ պատգամավոր է համարում։
XS
SM
MD
LG