Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարար․ Երկնիշ տնտեսական աճը միայն Քոչարյանի վաստակը չէ


Հայաստան -- Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան, արխիվ, 3-ը հունիսի, 2013թ․

Հայաստան -- Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան, արխիվ, 3-ը հունիսի, 2013թ․

Այդ աճի համար պայմաններ են ստեղծվել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կատարված բարեփոխումների արդյունքում, կարծիք է հայտնել Վահրամ Ավանեսյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք գրանցված երկնիշ տնտեսական աճը միայն Քոչարյանի վարչակազմի վաստակը չէ, քանի որ այդ աճի համար պայմաններ են ստեղծվել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կատարված բարեփոխումների արդյունքում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Ավանեսյանը, հիշեցնենք, անցած տարվա մայիսից է զբաղեցնում էկոնոմիկայի նախարարի աթոռը: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք նույնպես նա զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը՝ 1996-1997թթ․-ին, իսկ մինչ այդ՝ 1993թ․-ից, Վահրամ Ավանեսյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալն էր:

Ռոբերտ Քոչարյանը բազմիցս է ընդգծել, որ իր նախագահության տարիներին գրանցվել է երկնիշ տնտեսական աճ՝ միաժամանակ քննադատության ենթարկելով ներկայիս կառավարությանը երկրում առկա տնտեսական վիճակի համար:

«Բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք չեն կարողանում հինգ, նույնիսկ տասը տարվա ընթացքում արդյունքներ ցույց տալ: Դրանց արդյունքները ավելի հեռանկարային են», - մասնավորապես ասաց Ավանեսյանը, - «Բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արվել են 1990-ական թվականներից սկսած, դրանք իրենց ազդեցությունն ունեցել են: Նաև, իհարկե, խնդիրները և այն բարեփոխումները, որոնք հաջողված չեն եղել, դրանք էլ խնդիրներ են ստեղծել: Եվ այդպես շարունակաբար դա լինում է»:

Ինչ վերաբերում է «շինարարության փուչիկին», որից էլ ծագեց վարչապետ Տիգրան Սարգսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բանավեճը, Վահրամ Ավանեսյանն այսպես մեկնաբանեց. - «Շինարարության 25 տոկոս մասնաբաժին Հայաստանի Հանրապետությունում կամ որևէ այլ երկրում` ընդհանրապես անհնարին բան է, որպեսզի դա երկարատև կամ նույնիսկ միջին ժամկետ հեռանկար ունենա: Եվ դեռևս 2006-7 թվականներին, այդ թվում նաև իմ կողմից` համեստ տնտեսագետիս, գնահատվում էր, որ անկախ ճգնաժամից, պետք է անպայման շինարարությունը բացասական աճ լինի»:

Հիշեցնենք, վարչապետի՝ «շինարարության փուչիկի» մասին հայտարարությանն ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը արձագանքեց, թե վերջին տարիներին շինարարության ոլորտում անկում է նաև այն պատճառով, որ հիփոթեքային վարկավորման պայմանները «նշանակալի վատթարացել [են]»: Որից հետո վարչապետը հանդես եկավ վերլուծական նյութով, ըստ որի Քոչարյանի նախագահության տարիների համեմատ ներկա իշխանությունների օրոք հիփոթեքային վարկավորման ծավալները աճել են: Ռոբերտ Քոչարյանը դարձյալ արձագանքեց՝ աճել են միայն թվերը, որոնց հաշվարկի գործում վարչապետը հաշվի չի առել նախորդ տարիների տպավորիչ գնաճը:

Այսօր լրագրողի հարցին՝ իսկ կա՞ն կետեր, որոնց շուրջ Վահրամ Ավանեսյանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած քննադատության հետ, էկոնոմիկայի նախարարն ասաց. - «Իհարկե կան: Կան օրինակ խնդիրներ, որոնք բարձրացված են` խոսքը վերաբերում է և հիպոթեքային վարկերին` թե ինչքանով պետք է հիպոթեքային վարկերի ընդհանուր աճի գնահատականը համարվի հենց բացարձակ գնահատականներով: Իհարկե, էլի խորը վերլուծությունների խնդիր է, բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում հիպոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որպեսզի կարողանանք ասել, որ դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտում: Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ այդ տոկոսադրույքները թույլ չեն տալիս, որպեսզի հիպոթեքի շուկան Հայաստանի Հանրապետությունում զարգանա»:
XS
SM
MD
LG