Մատչելիության հղումներ

36 միլիոն դրամ՝ ռուսական ռազմակայանին երկաթուղու մատուցած ծառայությունների համար


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները այցելում են ռուսական թիվ 102 ռազմակայան, Գյումրի, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները այցելում են ռուսական թիվ 102 ռազմակայան, Գյումրի, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 36.1 միլիոն դրամ փոխանցել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ վճարելու այն ծառայությունների համար, որոնք ընկերությունը մատուցել է Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումներին:

Ընդ որում, մոտ 90 հազար դոլար կազմող պարտքն առաջացել է միայն մեկ եռամսյակում՝ 2013-ի երրորդ եռամսյակում մատուցած ծառայությունների դիմաց: Գործադիրը նշված գումարը փոխանցեց Ազգային անվտանգության ծառայությանը, վերջինն էլ այն փոխանցելու է «Հարավկովկասյան երկաթուղուն»:

Կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված որոշման հիմնավորումը մանրամասնում է, որ ռուսական զորամիավորումների՝ այդ թվում սահմանապահ զորքերի համար Հայաստանում երկաթուղով իրականացվել են ռազմական փոխադրումներ, երկաթուղային կայարաններում կատարվել են սպասարկումներ և մատուցվել են ծառայություններ:

Իսկ թե ինչու պետք է Հայաստանի կառավարությունը վճարի ռուսական զորամիավորումներին մատուցած ծառայությունների դիմաց՝ նույն հիմնավորման մեջ ասված է, որ այդ «անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը հաստատելու մասին» N1177-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի, ինչպես նաև «Բեռների փոխադրման կազմակերպման մասին» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և ՀՀ ԱԱԾ միջև 13.07.2010թ. կնքված պայմանագրի պահանջներից»:

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ռուսական "Российские железные дороги" (РЖД) ընկերության դուստր ձեռնարկությունն է: 2008 թվականի փետրվարին Երևանում Հայաստանի կառավարության և РЖД-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, հայաստանյան ամբողջ երկաթուղին 30 տարով (20 տարվա աշխատանքից հետո 10 տարի երկարաձգման իրավունքով` կողմերի փոխադարձ համաձայնությամբ) կոնցենսիոն կառավարման հանձնվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG