Մատչելիության հղումներ

Նախարարն ասում է՝ նորակոչիկի խոշտանգման փաստը չի ապացուցվել


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր Բժշկական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոսպիտալ տեղափոխված նորակոչիկի գործին, հայտարարեց, թե խոշտանգման փաստը չի ապացուցվել։

«Այդպիսի հետքեր չկան, ապացուցված չէ, քրեական գործ է հարուցված, մանավանդ վերջին տվյալներով՝ ինքը արդեն գիտակցության մեջ է և ասում է, որ այդպիսի դեպք չի եղել»,- ասաց նախարարը։

Այնինչ 18-ամյա Մհեր Խլղաթյանի հարազատները պնդում են, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր կան, այդ թվում և այրվածքներ։ Մհերը երեք օր առաջ է տեղափոխվել հոսպիտալ երկկողմանի թոքաբորբով ու մարմնական վնասվածքներով։ Զինվորի մայրը՝ Գոհար Շահնազարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ որդին գիտակցության գալով նման բան չի ասել։

«Ո՞նց չկա, գլուխը ջարդած է, դա հե՞տք չէ»,- ասաց մայրը։

Երեկ այս գործով ձերբակալվել է երկու զինծառայող՝ կրտսեր սերժանտ Վահե Օհանյանն ու բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը։

Նախարարն անդրադարձավ նաև երկու օր առաջ հիվանդությունից մահացած շարքային զինծառայող Հայկ Մակարյանի հարցին։ Նախարարը նշեց, որ նրա մոտ ախտորոշվել է մենինգիտ, հիվանդությունն արագորեն է զարգացել, իսկ կանխարգելման համար նախօրոք պետք է բացահայտվեր։

Նախարար Օհանյանը բանակում տիրող վիճակի հիմնական մեղավոր է համարում հասարակությանը։ Նա, ի պատասխան «Ազատության» հարցի, հայտարարեց, թե բանակում բռնությունները շարունակական կլինեն այնքան ժամանակ, մինչև որ հասարակության հետ համապատասխան աշխատանք չտարվի։

«Այնքան կլինեն, մինչև որ յուրաքանչյուր ընտանիքում չլինի չարաճճի երեխա, ոչ մի դպրոցում, ոչ մի բուհում չլինեն չարաճճի աշակերտներ, ուսանողներ, իրենց վարքի մեջ թերություններ ունեցողներ»,- ասաց նախարարը։

Պաշտպանության նախարարը կոչ է անում հասարակությանը ակտիվորեն ներգրավվել 2014 թվականի իր պայքարին ընդդեմ փողոցային արատավոր բարքերի՝ փաստորեն բանակում տիրող վիճակի հիմնական պատճառ մատնանշելով ոչ թե հրամանատարական կազմին, այլ հասարակությանը։ Իր խոսքում նա նշեց, որ նաև բարձրացնելու են հրամանատարների պատասխանատվության աստիճանը։

Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանները հակադարձում են պաշտպանության նախարարին՝ նշելով, թե նրա հայտարարությունը պատասխանատվությունից խուսափելու մասին է վկայում։ «Բանակն իրականում» նախաձեռնության ներկայացուցիչ Ծովինար Նազարյանը նշում է, որ նախարարը այս կերպ պարզապես լվանում է ձեռքերը պատասխանատվությունից։

«Ի՞նչ է նշանակում՝ քանի կան ճարաճճի երեխաներ, այսպես է լինելու բանակի վիճակը։ Այսինքն Սեյրան Օհանյանը մեզ խոստանում է, որ բանակի վիճակը անընդհատ վա՞տ է լինելու։ Կամ դրուժիննիկների միջոցով մտնելու են ընտանիքներ, փողոցներ, բակեր և ճարաճճիության դեմ պայքարե՞ն։ Իսկ ինչպես է կոչում Սեյրան Օհանյանը իր ղեկավարած քննչական ծառայության և զինվորական դատախազության հանցավոր գործունեությունը՝ ճարաճճիությո՞ւն»,- ասաց Նազարյանը։

Զինվոր ունեցող ընտանիքներին նախարարի հայտարարությունը հավատ չի կարող ներշնչել, նկատում է ակտիվիստը։ Նա հիշում է երկու տարի առաջ նախարարի արած հայտարարությունը, երբ Օհանյանը բանակի թերությունները հասարակության վրա բարդելու մասին էր խոսել՝ դա համարելով անթույլատրելի, իսկ այժմ հակառակն է ասում։

«Հետնահանջի պատճառը հենց այն է, որ դա արվել էր դեկլարատիվ մակարդակում և գործուն քայլեր չէին արվել, որպեսզի իրավիճակը շտկվեր»,- ասաց Նազարյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ նախարարը կարող է կանխարգելել հասարակության վատ դրսևորումների մուտքը բանակ, եթե վերևից նման հրահանգ ունենա։ Նա անարդյունավետ է համարում նախարարի գործադրած միջոցները՝ նկատելով, թե արմատական փոփոխություններ են հարկավոր այդ համակարգում։
«Պաշտպանության նախարարն ասում է՝ «մեղավոր է ոստիկանությունը կամ մեղավոր է կրթության նախարարությունը, որ լավ չեն դաստիարակում, մեղավոր են քաղաքացիները, իսկ ես ընդհանրապես մեղավոր չեմ»։ Բայց ինքը լա՞վ է կատարում իր պարտականությունները՝ որպես քաղաքականություն մշակող, գլխավոր շտաբի պետը լա՞վ է կազմակերպում զինվորական ծառայությունը, որի համար պատասխանատու է։ Իհարկե, ո՛չ»,- ասաց իրավապաշտպանցը։

Վերահսկողության ու պահանջկոտության խնդիր կա բանակում, ասում է Սաքունցը՝ շարունակելով, թե իրականում բանակում առկա կոռուպցիան, ամենաթողությունը, անպատժելիությունն ու վերահսկողության պակասն է նման իրավիճակ ստեղծել։ Սաքունցը տարբեր օրինակներ է բերում, երբ բռնությունների գործերով մեղավոր ճանաչված ղեկավարները չեն հեռացվել համակարգից։

«Պետք է լինեն ավելի հաշվետու, ավելի պատասխանատու և իրավունքի գերակայության սկզբունքը պետք է հիմք ընդունվի պաշտպանական գերատեսչության քաղաքականության մշակման տրամաբանության մեջ»,- ասաց իրավապաշտպանը։

Սաքունցի տվյալներով, 2013 թվականին բանակում մահացել է 31 զինվոր։
XS
SM
MD
LG