Մատչելիության հղումներ

logo-print

Կոնգրեսը Քոչարյանի ակտիվությունը գնահատում է «իբրև բանավեճ և ոչ ավելին»


Հայաստան – Լևոն Տեր-Պետրոսյանը (աջից) և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մյուս ղեկավարները կուսակցության համաժողովի ժամանակ, 22-ը դեկտեմբերի, 2012թ․

Հայաստան – Լևոն Տեր-Պետրոսյանը (աջից) և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մյուս ղեկավարները կուսակցության համաժողովի ժամանակ, 22-ը դեկտեմբերի, 2012թ․

Տիգրան Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճի տակ ավելին փնտրելը՝ անիմաստ գործ է, այսօր «Ազատությանը» փոխանցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Տիգրան Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճը, և արդյո՞ք Քոչարյանի ակտիվությունը չի վկայում քաղաքականություն վերադառնալու նրա պլանների մասին:

«Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճի տակ ավելին փնտրելը, քան բուն այդ բանավեճն է, բացարձակ անիմաստ գործ է», - Կոնգրեսի դիրքորոշումը փոխանցում է Լևոն Զուրաբյանը, - «Ավելին, այդ բանավեճի վրա կենտրոնանալը և այն որպես քաղաքական գործընթաց ներկայացնելը հենց այն է, ինչ պետք է գործող ռեժիմին: Կոնգրեսը, ուստի, չի պատրաստվում դրանով զբաղվել և շարունակում է անշեղորեն հետապնդել երկիրը ավազակապետական ռեժիմից ազատելու և ժողովրդավարություն հաստատելու իր օրակարգը՝ ում դեմքով էլ որ ավազակապետությունը ներկայացված լինի»:

Այն, որ Կոնգրեսը Քոչարյանի ակտիվությունը դիտարկում է իբրև բանավեճ և ոչ ավելին, ի պատասխան մեր հարցի նշեց նաև Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նա հետևյալ հարցադրումն է անում՝ քաղաքական ո՞ր ուժի օգնությամբ է Քոչարյանը պատրաստվում վերադառնալ և ուշադրություն հրավիրում այն հանգամանքի վրա, որ Քոչարյանի հարցազրույցներից հետո որևէ քաղաքական ուժ կամ գործիչ նրան հրապարակավ չպաշտպանեց:

«Ումո՞վ պետք է վերադառնա, այսինքն ի՞նչ թիմով: Մենք կարող ենք ասել, որ առկա է բանավեճ և ոչ ավելին: Այս պահի դրությամբ ավելի զարգացումներ, քան բանավեճ, մենք չենք տեսնում: Ավելին, մենք տեսնում ենք փորձեր, որ իշխանությունը ուզում է հանրության ուշադրությունը շեղել այն խնդիրներից, որոնք առկա են, բայց Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում շեղվել», - ասաց Կարապետյանը:

«Իսկ դուք չե՞ք տեսնում քաղաքական ուժեր այսօր դաշտում, որոնց շնորհիվ Քոչարյանը կարող է վերադառնալ», - «Ազատության» այս հարցին Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ - «Դուք տեսե՞լ եք, որ մեկը պաշտպանի Քոչարյանին: Կարո՞ղ եք մեկ քաղաքական գործչի անուն տալ»:

Միաժամանակ շարունակվում են սուր հակադարձումները Ռոբերտ Քոչարյանի և երիտհանրապետականների միջև: Մասնավորապես, երկրորդ նախագահի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել`ամփոփելով Քոչարյանի հարցազրույցների շուրջ հրապարակային արձագանքները:

Հայտարարությունը բավական կոշտ արձագանք է պարունակում Քոչարյանի հասցեին հնչեցված ողջ քննադատությանը` ընդգծելով, թե որևէ առարկայական հակափաստարկ չի ներկայացվել: «Անտրամաբանական հայտարարություն» է որակվում երիտասարդ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը, թե «Քոչարյանի հարցազրույցներից երևում է, որ նա շատ ազատ ժամանակ ունի»: Ավագյանը երկրորդ նախագահին խորհուրդ էր տվել որևէ բուհում դասախոսություն կարդալ:

Ի պատասխան`Քոչարյանի գրասենյակն Ավագյանին անվանել է «մեթան գազի երկրպագու»` շարունակելով. - «Եթե Հանրապետության վարչապետը չորսուկես ժամ գտնում է ասուլիս անցկացնելու և Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ`գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի երեք-չորս հարցի պատասխանելու համար»:

Մեթանի հիշատակումը թերևս կապված է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ պայթեցին մեթան գազով լցված փուչիկները: Պայթյունավտանգ գազով փուչիկները լիցքավորելու համար մամուլը պատասխանատու էր համարել Կարեն Ավագյանին:

Երկրորդ նախագահի գրասենյակի նաև խոստացել է առաջիկայում մանրամասնորեն արձագանքել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` երեկ տված հարցազրույցում հնչեցրած փաստարկներին:

Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանին` Արմեն Մովսիսյանն ասել էր, թե անցած տարեվերջին ռուսական կողմի հետ ստորագրված գազային համաձայնագիրը շահեկանորեն տարբերվում է Քոչարյանի նախաձեռնած «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրից:

Հիշեցնենք, որ «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագիրը 2002 թվականին ստորագրել էր այդ ժամանակ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը:
XS
SM
MD
LG