Մատչելիության հղումներ

Ավտոերթ ընդդեմ պարտադիր կուտակայինի


Դեմ ենք պարտադիրին՚ ավտոերթի պատճառով հրապարակը խցանվեց
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Ավտոերթի մասնակիցները ակցիան կայացած համարեցին, քանզի մեկևկես ժամ պտտվելով քաղաքի գլխավոր հրապարակով և խցանումներ ստեղծելով՝ կարողացան իրականացնել իրազեկման աշխատանքը:ԼՐԱՑՎԱԾ

Հինգշաբթի առավոտյան ժամը 8:30-ից մինչև 10-ը Երևանի Հանրապետության հրապարակը խցանված էր: «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները ավտոերթ էին կազմակերպել հրապարակում և փաստորեն մեկևկես ժամ հրապարակում պտտվելով տեղեկացնում աշխատանքի շտապող քաղաքացիներին հունվարի 18-ին տեղի ունենալիք հավաք-երթի մասին:

Հիշեցնենք, որ հավաք-երթի միջոցով ակտիվիստները Սահմանադրական դատարանից պահանջելու են կասեցնել և այնուհետև հակասահմանադրական ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը:

Օրենքի բացասական կողմերը մատնանշող դրոշներն ու պաստառները մեքենաների վրա փակցրած ակտիվիստները նաև ազդանշանների միջոցով էին փորձում քաղաքացիների ուշադրությունը հրավիրել իրենց բարձրացրած հարցի վրա: Մեքենաներից մեկից էլ բարձրախոսի միջոցով ներկայացնում էին պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի խնդրահարույց կետերը:

Հանրապետության հրապարակը հսկող ոստիկանները փորձում էին ազատել հրապարակը խցանումներից, սակայն՝ ապարդյուն: Ոստիկաններից մի քանիսը սկսեցին գրի առնել ավտոերթին մասնակցող մեքենաների պետհամարանիշները:

Վարորդները ի պատասխան «Ազատության» հարցի՝ հետաքրքրվե՞լ են, թե ինչու են գրանցում մեքենաների համարանիշները, պնդում էին, որ օրենք չեն խախտել․ - «Օրենք չենք խախտել, որ ակտ գա, եթե խախտել ենք, եթե ապացուցեն, որ խախտել ենք օրենք, թող ուղարկեն ակտը՝ խնդիր չկա»:

Հայաստանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը նույնպես «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ճանապարհային երթևեկության որևէ խախտում չի նկատում, թեպետ չի բացառում, որ խցանումների պատճառը ակտիվիստներն են:

Իսկ հարցին, թե ինչու են ոստիկանները վերցնում մեքենաների համարները, Արշակյանը արձագանքեց․ - «Իրենց կարող եք հարցնել, Ճանապարհային ոստիկանությունը չի վերցնում: Ես կոնկրետ այստեղ եմ Ճանապարհային ոստիկանության հետ, որպեսզի հրապարակը չփակվի: Ակցիայի մասնակիցների պատճառով փորձում ենք էնպես անել չփակվի երթևեկությունը, ուրիշ ոչ մի բան»:

Ավտոերթին մասնակցող մեքենաների համարանիշները գրանցող ոստիկանները, սակայն, հարկ չհամարեցին պարզաբանել՝ ինչ նպատակով են գրի առնում համարանիշները, և խորհուրդ տվեցին բոլոր հարցերով դիմել Ոստիկանության լրատվական վարչությանը՝ «բոլոր պատասխանները էնտեղ կտան»:

Ավելի ուշ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Արմեն Մալխասյանը «Ազատությանը» հայտնեց, որ Ոստիկանությունը կատարել է օրենքով սահմանված կարգով գործառույթներ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե դա ինչ գործառույթ է, և թե ինչու են Ոստիկանությանն անհրաժեշտ ավտոերթի մասնակիցների մեքենաների համարանիշները:

«Ազատության» հետ զրույցներում ավտոերթի մասնակիցները ակցիան կայացած համարեցին, քանզի մեկևկես ժամ պտտվելով քաղաքի գլխավոր հրապարակում և խցանումներ ստեղծելով՝ կարողացան իրականացնել իրազեկման աշխատանքները:

«Եթրի նպատակը մեր պրոբլեմի վրա ուշադրություն հրավիրելն էր: Երբ որ, ասենք, խաղաղ ինչ-որ բաներ ես անում, ոչ մեկ քո վրա ուշադրություն չի դարձնում», - ասաց նրանցից մեկը:

«Մենք էս ակցիայի միջոցով փորձում ենք ժողովրդին ոտքի կանգնեցնել, որպեսզի նրանք կարողանան պայքարել իրենց իրավունքների համար: Դեռևս չունենք շատ մեծ ռեսուրսներ ինչ-որ շատ մեծ բաներ անելու, բայց հուսով ենք, որ մարդիկ կմիավորվեն, կհասկանան, որ այսպես չի կարող շարունակվել», - ասաց ակցիայի մեկ այլ մասնակից:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել, և արդեն փետրվարին 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող քաղաքացիները իրենց հունվար ամսվա աշխատավարձը առնվազն 5 տոկոսով պակաս կստանան՝ ապահով ծերության ակնկալիքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG