Մատչելիության հղումներ

Քաղցկեղով հիվանդների թիվը 20 տարվա ընթացքում կրկնապատկվել է


Վերջին 20 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը կրկնապատկվել է:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի փոխանցմամբ` հատկապես ավելացել են թոքի և կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը:

«Եթե 1995 թվականին հարյուր հազար կին բնակչից երեսուներեքն էր հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով: Իսկ հիմա` վաթսունվեցը: Կրկնապատկվել է ցուցանիշը: Իսկ ընդհանուր չարորակ ուռուցքները եթե վերցնենք, 1995-ին հարյուր քսանհինգ հոգի են հարյուր հազարից հիվանդացել, իսկ 2012 թվականին` արդեն երկու հարյուր քառասուն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գալստյանը:

Բուժում ստանալու հնարավորությունները, մինչդեռ, պակասում են. եթե մինչև անցած տարվա հոկտեմբերը պետությունն ամբողջովին հոգում էր քաղցկեղով հիվանդների բուժման ծախսերը, ապա դրանից հետո գործում է համավճարի սկզբունքը, և հիվանդներն են ստիպված հոգալ ծախսերի մեծ մասը` պարտքերի տակ ընկնելով, վաճառելով ունեցվածքի մի մասը:

Հայրապետ Գալստյանի խոսքով` հիվանդների մոտ կեսը չափազանց ուշ է դիմում իրենց, իսկ սարքավորումների պակասը գոյացնում է հերթեր. - «Ամեն երկրորդ հիվանդը, որ դիմում է մասնագիտական օգնության, նրա մոտ արդեն բարձիթողի վիճակ է, այսինքն` հիվանդության երրորդ կամ չորրորդ փուլն է»:

Նա հավելեց, որ մարդիկ ամիսներով սպասում են հատկապես ճառագայթային բուժում ստանալուն. - «Վիրահատական բուժման համար չկան տեսանելի հերթեր, քիմիաթերապիայի համար ավելի մեղմ են այդ հերթերը, իսկ ճառագայթային բուժման համար ավելի մեծ են այդ հերթերը: Որովհետև սարքերը, որոնցով մենք անցկացնում ենք ճառագայթային բուժումը, չեն բավարարում»:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն ասաց, որ ամեն օր տասնյակ հիվանդներ են իրեն դիմում բուժման ծախսերը զեղջելու խնդրանքով:

Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առավել դժվար է գյուղաբնակ կանանց համար. - «Մեծ մասամբ գյուղերում իրենք ունեն արտագնա աշխատանքի մեկնած ամուսիններ, ամբողջ տնտեսությունն իրենց ուսերի վրա է: Իրենք ունեն սոցիալական, կենցաղային բարդ խնդիրներ, դժվարություններ: Եվ, ինչու չէ` նաև վախ, որ պետք է գան հասնեն Երևան ու, ասենք, իրենց ասացին, որ քաղցկեղ ունեն: Հետո՞ ինչ պետք է անեն»:
XS
SM
MD
LG