Մատչելիության հղումներ

Բնապահպանները մտահոգված են «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» ստեղծմամբ


2013-ի վերջին կառավարությունը կայացրել էր Սյունիքի մարզում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ստեղծելու մասին որոշում: Այս համալիրում ընդգրկված «Խուստուփ» արգելավայրի ձևավորման համար նախատեսվում է կատարել ավելի քան 8 միլիոն եվրոյի ներդրում:

Ստեղծվելիք համալիրի մեջ որոշ հատուկ պահպանվող տարածքներից բացի («Արևիկ» ազգային պարկ, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրեր) մտնելու է նաև Հայաստանի 3 արգելոցներից մեկը՝ «Շիկահողը»։

Բնապահպանները մտավախություն ունեն, որ մտնելով այս նոր կառույցի ենթակայության տակ, արգելոցը, որը ներկայումս ունի պահպանման բավական խիստ ռեժիմ, կարող է կորցնել իր կարգավիճակը:

«Այսպիսով մենք բոլորը խառնում ենք մի համալիրի մեջ, որի սահմանումը նույնիսկ «Հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում չկա: Սա ուղղակի ինչ-որ գաղափար է, գումարը տրված է և ով ինչ կուզենա, կանի այնտեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Էկոլուր» հկ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը սակայն նշում է, որ կառավարության այս որոշմամբ պարզապես միավորվում են հատուկ պահպանվող տարածքները կառավարող մարմինները, և այժմ մի քանիսի փոխարեն մեկ մարմին է կառավարելու հազարավոր հեկտարներ ընդգրկող տարածքները: Արդյունավետ կլինի դա, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակի փոփոխություն, Մանվելյանի խոսքով, որոշումը չի նախատեսում:

«Արգելոցը մնում է արգելոց, ազգային պարկը մնում է ազգային պարկը, ռեժիմը չի փոխվում: Ըստ իս, ճիշտ կլիներ կոչել «Զանգեզուր պահպանվող տարածքների ՊՈԱԿ», որ մարդիկ հասկանային, որ խոսքը դրանց կառավարման մասին է, ոչ թե նրանց կարգավիճակը փոխելու», - նշեց Մանվելյանը:

Ըստ «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» կանոնադրության՝ դրա տարածքում թույլատրվում է «հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում»: Ինգա Զարաֆյանի խոսքով, այս կանոնադրությունը ոչ մի երաշխիք չի տալիս, որ «սպասարկման ծառայություններ» անվան տակ հյուրանոցներ կամ սննդի օբյեկտներ չեն կառուցվի: Նրա խոսքով, սա հերթական բիզնես ծրագիր է, որում ամբողջությամբ հաշվի չեն առնվել բնապահպանական ռիսկերը: Զարաֆյանի խոսքով, սա ապացուցում է նաև այն փաստը, որ հատուկ պահպանվող տարածքների մոտակայքում տրվում են հանքերի ուսումնասիրության և շահագործման լիցենզիաներ:

Կարեն Մանվելյանը համաձայն է, որ հանքարդյունաբերությունը մեծ վնաս է հասցնում հատուկ պահպանվող տարածքներին: Նրա խոսքով, ժամանակին նույնիսկ չեն կարողացել որոշ շրջաններ ընդգրկել հատուկ պահպանվող տարածքների մեջ, քանի որ այդտեղ արդեն հանքերի շահագործման լիցենզիա է տրված եղել: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, սակայն, պնդում է, որ նոր ստեղծվող համալիրի տարածքը ոչ ոք սեփական նպատակներով օգտագործելու իրավունք չունի:

Սակայն բնապահպանները բազմաթիվ անգամ փաստել են, որ այս ոլորտում ոչ միշտ է պահպանվում օրենքը: Որպես օրինակ Ինգա Զարաֆյանը բերում է Հայաստանի չորս ազգային պարկերից մեկի՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այժմ գտնվող փոքր հիդրոէլեկտրակայանը, որի կառուցումը օրենքի կոպիտ խախտում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG