Մատչելիության հղումներ

Նորակոչիկին ծեծի ենթարկելու գործով կան ձերբակալվածներ


Նորակոչիկին ծեծի ենթարկելու գործով կան ձերբակալվածներ
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00
Օրեր առաջ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել են երկու անձ՝ զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը և շարքային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը։

«Ազատության» հետ զրույցում Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգյսանը հավելեց, որ նրանք ձերբակալվել են քրեական օրենսգրքի նույն հոդվածով, այն է՝ մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը:

Փաստորեն, այս երկու զինծառայողները, ըստ հարուցված քրեական գործի և ըստ ձերբակալության համար հիմք հանդիսացած հոդվածի, ծեծել են ընդամենը մեկ ամիս առաջ բանակ զորակոչված երևանաբնակ Մհեր Խլղաթյանին։ Հենց այս երկուսի անուններն է հարազատներին ասել զինվորը Երևանում գիտակցության գալուց հետո։

«Ազատության» հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ Մհեր Խլղաթյանի առողջական վիճակը դանդաղորեն բարելավվում է` նորակոչիկ զինվորի առողջական վիճակը գնահատելով միջին ծանրության:

«Զինվորը դեռ գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Ասատուրյանը՝ հավելելով, որ նա դեռևս հատուկ ուշադրության կարիք ունի։

18-ամյա երևանաբնակ ՄՀեր Խլղաթյանը մեկ ամիս չկա, ինչ բանակ էր զորակոչվել՝ ծառայության անցնելով Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում։

Երկու օր առաջ հարազատները նրան ծանր վիճակում Վարդենիսի հոսպիտալից տեղափոխել էին Երևան։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ նա ընդունվել էր երկկողմանի թոքաբորբով ու մարմնական վնասվածքներով։ Այդ ժամանակ նրա վիճակը գնահատվել էր ծանր կայուն։
Զինվորի մայրը՝ Գոհար Շահնազարյանն «Ազատության»-ը պատմեց, որ Մհերին ծեծել են, մեղադրել են հիվանդ ձևանալու մեջ ու թողել առանց բուժման։

Զինվորին բռնության ենթարկելու փաստով երկու օր առաջ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է:

Օրեր առաջ զինվորի ընտանիքը հեռախոսազրույց է ունեցել զորամասի բուժկետի բժշկի հետ, ով հայտարարել է, թե նրանց տղան հիվանդ է ձևանում։ Ծեծի պատճառը, ըստ հարազատների, դա է եղել։

Իրավապաշտպանները հաճախ են անդրադառնում Զինված ուժերում տիրող վիճակին՝ շարունակելով քննադատել իշխանություններին չդադարող բռնությունների, մահվան դեպքերի համար։

Երեկ էլ, ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունւը, զորամասերից մեկում հիվանդությունից մահացել է Երևանից զորակոչված 1993 թվականին ծնված Հայկ Մակարյանը։ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն «Ազատության» հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչ հիվանդություն է ունեցել զինվորը, միաժամանակ ո’չ հաստատելով, ո’չ էլ հերքելով այն տեղեկությունները, թե զինվորի մահվան պատճառը միգրենն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG