Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բացահայտել է Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների թիվը


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում․ արխիվ
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում․ արխիվ

Ըստ Բաքվի հրապարակած պաշտոնական տվյալների՝ 1991-94 թվականներին զոհվել է ադրբեջանական բանակի 11 հազար 557 զինծառայող:

Հրադադարի կնքումից մոտ 20 տարի անց Ադրբեջանի իշխանությունները հրապարակում են Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների պաշտոնական թվաքանակն ու անվանական ցուցակը: Ադրբեջանի զորակոչային-մոբիլիզացիոն պետական ծառայության պաշտոնական կայքում շաբաթասկզբին հրապարակված տվյալների համաձայն՝ 1991-94 թվականներին հակամարտության գոտու ղարաբաղյան հատվածում, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանագծին` ներառյալ հայ - նախիջևանյան սահմանը, զոհվել է ադրբեջանական բանակի 11 հազար 557 զինծառայող:

Ռուսական լրատվամիջոցները, ի դեպ, անդրադառնալով Բաքվի կողմից զոհերի քանակի պաշտոնական հրապարակմանը, հիշեցնում են, որ 90-ականներին` դեռ մինչև հրադադարի կնքումը, ադրբեջանցի պետական գործիչները միանգամայն այլ թվեր էին հրապարակում: «1993-ի հոկտեմբերին Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հետ հանդիպման ընթացքում այն ժամանակ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հեյդար Ալիևը խոսում էր 11 հազար զոհերի մասին: Դրանից մեկ շաբաթ անց ադրբեջանական հեռուստատեսության եթերում նույն Ալիևը խոսեց արդեն 16 հազար զոհերի մասին», - գրում է Lenta.ru-ն:

Տարիներ անց արդեն Իլհամ Ալիևը մեկ այլ թիվ էր մատնանշում` խոսելով 12-15 հազար զոհված ադրբեջանցիների մասին: Այժմ ահա պաշտոնական Բաքուն կարծես որոշել է կանգ առնել հենց 11 հազար թվի վրա:

Սա մի թվային ցուցանիշ է, որ նախկինում հանդիպում էր առավելապես ադրբեջանցի անկախ հետազոտողների աշխատություններում: Հայտնի բաքվեցի քաղաքագետ և պատմաբան Արիֆ Յունուսովը, օրինակ, դեռ տարիներ առաջ հրապարակած հոդվածում նշում էր 11 հազար զոհերի, ինչպես նաև 30 հազար վիրավորների մասին:

Ի դեպ, ուսումնասիրելով Ադրբեջանի զորակոչային-մոբիլիզացիոն ծառայության հրապարակած ցանկը՝ կարելի է նկատել այն անհամաչափությունը, որով բաշխած են պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողներն ըստ շրջանների:

Այսպես, պատերազմի սկզբնական շրջանի գլխավոր թատերաբեմերից մեկը հանդիսացած Շուշին տվել է ընդամենը 29 զոհված զինվորական, Խոջալուն՝ ավելի քիչ` ընդամենը 23: Փոխարենը, այսօր հայկական ուժերի հսկողության տակ գտնվող շրջաններից զորակոչված և պատերազմում զոհված զինծառայողների ցանկերից յուրաքանչյուրը ադրբեջանական գերատեսչության կայքում մի քանի էջ է զբաղեցնում: Օրինակ, տարածքով և բնակչութամբ ոչ այնքան մեծ Ջաբրաիլի շրջանը, պաշտոնական տվյալների համաձայն, պատերազմում 110 զոհ է տվել, հարևան Ֆիզուլին` շուրջ 300: Միանձնյա առաջատարը, սակայն, 1993 թվականի հուլիսին հայկական ուժերի հսկողության տակ անցած Աղդամն է` 577 զոհված ադրբեջանցի զինվորական: Հրապարակված տվյալներից դատելով` Աղդամից հյուսիս գտնվող Թարթառի շրջանը (նախկին Միր-Բաշիր) ևս լուրջ զոհեր է տվել պատերազմի ընթացքում` ավելի քան 200․ սա ևս պատահական չէ, քանի որ պատերազմի վերջին ամիսներին` 1994 թվականի գարնանը, Մարտակերտի և Թարթառի շրջանների սահմանագիծը ռազմական ամենաթեժ գործողությունների թատերաբեմն էր:

Ադրբեջանական պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրի զինված ուժերը բավական լուրջ զոհեր են տվել նաև անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը սահմանակից շրջաններում: Այսպես, Տավուշի մարզին սահմանակից Ադրբեջանի երեք շրջանները` Թովուզը, Աղստաֆան և Ղազախը միասին 1991-94 թվականներին շուրջ 600 զոհ են տվել: Զորակոչա-մոբիլիզացիոն ծառայության տվյալների համաձայն՝ երկրի մայրաքաղաք Բաքվին բաժին է հասնում զոհված զինծառայողների ընդհանուր թվաքանակի մոտ 10 տոկոսը` շուրջ 1300 մարդ:

Հայկական կողմը Ղարաբաղյան պատերազմում կրած ռազմական կորուստների մասին որոշակի տեղեկատվություն նախկինում արդեն իսկ հրապարակել էր: Դրա համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն ու ինքնապաշտպանական ջոկատները պատերազմի ընթացքում շուրջ 6 հազար 500 զոհ են տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG