Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը նվազել է


Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը նվազել է
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում տնտեսական ազատությունը վատացել է:

Ամերիկյան հեղինակավոր The Heritage Foundation-ի և The Wall Street Journal-ի պատրաստած «2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը» զեկույցի համաձայն Հայաստանը 0.5 միավորով վատացրել է տնտեսական ազատության իր ցուցանիշը (այս տարվա համար այն կազմում է 68.9 միավոր), և երեք կետով էլ զիջել է իր տեղը՝ զբաղեցնելով 41-րդ հորզինականը՝ 178 պետությունների շարքում:

Նշենք, որ սա Հայաստանի վատագույն ցուցանիշն է 2007 թվականից ի վեր:

Զեկույցի հեղինակները ցուցանիշի վատացման պատճառ են նշում այդ թվում գործարարության և ներդրումային ազատությունների ոլորտում տեղի ունեցած ետընթացը:

Իր միավորներով Հայաստանը տեղ է գտել «չափավոր ազատ» տնտեսություն ունեցող պետություների շարքում: Հարևան Վրաստանը 22-րդ հորիզոնականում է՝ «հիմնականում ազատ» երկրների շարքում, Ադրբեջանը 81-րդ տեղում է՝ Հայաստանի պես «չափավոր ազատների» շարքում:

Տնտեսագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանի ներկայացմամբ, անցած տարիների դինամիկան ցույց է տալիս, որ Հայաստանը այլևս չի կարող առաջ շարժվել միջազգային վարկանիշային ցուցակներում, եթե իշխանությունները լուրջ քայլեր չձեռնարկեն օլիգարխիկ-մոնոպոլիզացված տնտեսական համակարգի, երկրում առկա կոռուպցիայի ուղղություններով և սեփականության իրավունքի ոտնահարումների դեմն առնելու համար:

«Միանշանակ դա ազդում է ներդրումային միջավայրի վրա, որովհետև ներդրողը գիտի՝ եթե միջավայրը մրցակցային չէ, եթե կան արտոնյալ դիրքում գտնվող գործարարներ, իրենք ավտոմատ վատ վիճակում են հայտնվում։ Հայտարարությունը մի բան է, գործողություններ՝ այլ բան, կառավարությունը շարունակում է մասնավոր հանրային համագործակցության անվան ներքո ուղղակի արտոնություններ տրամադրել որոշ գործարարների և դրանով նպաստել մոնոպոլիաների կայացմանը։ Նաև օրենսդրության ոչ արդյունավետ կիրառումը հնարավորություն են տալիս օլիգոպոլիաներին օգտվել շատ մեծ արտոնություններից, ինչը մյուսները չեն կարող անել»,- ասաց Խուրշուդյանը։

«Ծածկած շուկան շատ պարզ օրինակ էր»,- շարունակեց Խուրշուդյանը.- «Ցանկացած փոքր գործարար, եթե շինարարական ինչ-որ թերացում ունենա իր գործունեության մեջ, միանգամից կպատժվի, որովհետև նա չունի այն կշիռը, այն թափը, որ կարողանա ինչ ուզել անել։ Փոխարենը մենք տեսանք մի դեպք, երբ երկու նախարար, երբ գլխավոր ճարտարապետը հայտարարում են, որ Ծածկած շուկայի շինարարությունը խախտումներով է արվում, այսօր այնտեղ խանութ է աշխատում»։

Խուրշուդյանը եզրափակում է՝ այս ամենը չի կարող բացասաբար չազդել ցանկացած ներդրումային միջավայրի վրա, որովհետև ազատ շուկայում ներդրումներ կատարողները երբեք չեն մտածում օրենքին հակառակ ձևով բիզնես զարգացնել։

Էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչություն պետ Արտակ Բաղդասարյանի նշեց, որ այս զեկույցը 20-րդն է 1996 թվականից ի վեր, և եթե դիտարկենք անցած 20-ամյա ժամանակահատվածը, ապա կտեսնենք, որ Հայաստանն այդ ընթացքում զգալիորեն՝ 26.7 միավորով, բարելավել է իր դիրքը՝ դառնալով նշված ժամանակահատվածում չորրորդ ամենամեծ առաջընթաց գրանցած պետությունն աշխարհում:

Ինչ վերաբերում է վերջին զեկույցում տեղ գտած բացասական տեղաշարժին, մասնավորապես, գործարարության ազատության սահմանափակմանը (մանրամասնենք, զեկույցը դիտարկում է 2012 թվականի հունիսից 2013-ի հուլիս ընկած ժամանակահատվածը), Բաղդասարյանը ներկայացմամբ՝ «գործարարության ազատություն» ասելով զեկույցի հեղինակները ի նկատի ունեն տվյալ երկրում բիզնես սկսելու, լիցենզիաների տրամադրման և բիզնեսի փակման գործընթացը: Իսկ երբ նշվում է, որ մեկ տարվա ընթացքում գործարարության ազատությունը սահմանափակվել է, իրականում դա նշանակում է, որ այդ ուղղությամբ Հայաստանը էական առաջընթաց չի ունեցել։

«Այսինքն մենք պետք է ունենանք առաջընթաց, ընդ որում դա լինի էական, որպեսզի սրանով մենք հետընթաց չարձանագրենք։ Այսինքն եթե ունենք փոքր առաջընթաց, դա արդեն սրա տեսանկյունից տուգանային միավոր է համարվում»,- ասաց պաշտոնյան։
XS
SM
MD
LG