Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախարար Արմեն Աշոտյանը հնարավոր չի համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, նշելով, թե դրա համար չկան ոչ ներքաղաքական, և ոչ էլ արտաքին քաղաքական նախապայմաններ:

«Ինչո՞ւ չեմ կարծում, որ սա նաև երկրի երկրորդ նախկին նախագահի վերադարձի ինչ-որ ճանապարհ է. զուգահեռներ եմ անցկացնում: 2007 թվականի օգոստոսին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ հայտ ներկայացրեց, որ վերադառնալու է մեծ քաղաքականություն: Պատահական ընտրված ժամկետ չէր. առաջին նախկին նախագահը շատ լավ գիտակցում էր, որ վեց ամսից ավել չի ձգելու իր քաղաքական ռեսուրսով: Ես չեմ կարծում, որ երկրորդի պարագայում [20]14 թվականի հունվարը այն ժամկետն է, որից պետք է սկսել 2018 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստվելը», - չորեքշաբթի կայացած ասուլիսում մեկնաբանեց Աշոտյանը:

Բացի այդ, Հանրապետականի փոխնախագահը համոզված է` Քոչարյանը վերադառնալու քաղաքական ռեսուրս չունի:

«Ռոբերտ Քոչարյանի պոտենցիալ սատարող ուժերը, որոնցից և ոչ մեկը դեռ բարձրաձայն նման հայտարարություն չի արել, փաստորեն այնքան թույլ էին, որ իրենց վրա դրված խնդիրը` թուլացնել վարչապետին և կառավարությանը և այդքանով թուլացնել իշխանությանն ու նախագահին, չեն կարողացել լուծել այս ընթացքում: Հետևաբար, եթե անգամ երկրորդ նախկին նախագահը ուզում է վերադառնալ, ապա այս քաղաքական թիմով չի կարող վերադառնալ», - նշեց Արմեն Աշոտյանը:

Քոչարյանի վերադարձի համար, Հանրապետականի փոխնախագահի համոզմամբ, չկա նաև արտաքին քաղաքական պահանջարկ:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փայլուն են` մեր, իշխանություններիս: Տարածաշրջանային արտաքին քաղաքական պասիանսը չի ենթադրում` մինչև 2017 թվական, և հետո նույնպես, ի դեպ, աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններով պայմանավորված ներքին քաղաքական վերադասավորումների խնդիր», - ասաց նա:

Բոլոր այս փաստարկներից բացի Աշոտյանը մեջբերում է նաև Քոչարյանի խոսքերը, թե որ դեպքում նա կվերադառնա` «երբ օրհասական վիճակ լինի երկրում, երբ ժողովրդի պահանջը լինի և երբ ինքը անձնական որոշում կայացնի»: Աշոտյանն ասում է, թե ժողովրդի պահանջի մասին տեղյակ չէ, բայց որ երկրում օրհասական վիճակ չկա, ու նաև Քոչարյանն էլ անձնական որոշում չի կայացրել, ակնհայտ է:

Ի դեպ, կրթության նախարարն ասում է, թե իր համար հաճելի է, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում հիշատակում է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ում շնորհիվ և Աշոտյանը հայտնվել է Հանրապետական կուսակցությունում: Սակայն նախարարը վստահ չէ՝ արդյոք Քոչարյանը իր այդ հիշատակումների մեջ անկեղծ է:

Հիշեցնենք` իր առաջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, հակադարձելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասել էր, որ եթե նա իր ձախողումները բարդում է Անդրանիկ Մարգարյանի վրա, ուրեմն բարոյականության դեգրադացիա է ապրել: Աշոտյանն այսօր Քոչարյանին հակադարձել է հռետորական հարցադրմամբ՝ «իսկ ե՞րբ է վերջին անգամ Քոչարյանն այցելել Պանթեոն»:

Թեև Հանրապետականի փոխնախագահն ընդունում է, որ 1998-ից 2008 թվականները նաև Հանրապետականի տարիներին էին, քանի որ այն ժամանակ իշխող հիմնական ուժն էր, բայցևայնպես, հակադարձելով Ռոբերտ Քոչարյանին, Աշոտյանը հիշեցնում է իր իսկ բնորոշմամբ` Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում աշխարհաքաղաքական բնույթի գործարքները՝ «Գույք պարտքի դիմաց», Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքը, Կոնյակի գործարանի վաճառքը, Իրան-Հայաստան գազամուղը:

«Շատ բան կարող ենք հիշել»,- զգուշացնում է Աշոտյանը, ապա հորդորում. - «Կարիք չկա սեփական ցավը դարձնել ուրիշի հիվանդություն»:
XS
SM
MD
LG