Մատչելիության հղումներ

Կմեկնարկի ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը


Ոռոգման համակարգ Արմավիրի մարզում
Ոռոգման համակարգ Արմավիրի մարզում
Այս ամսվա ընթացքում կմեկնարկի ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը, որի իրականացման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը հատկացրել է 30 միլիոն դոլարի վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով: Եվս 7.5 միլիոն դոլար հատկացրել է Հայաստանի կառավարությունը՝ որպես համաֆինանսավորում:

Ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականը կառուցել Մեղրիի, Գեղարդալճի, Բաղրամյան-Նորակերտի և Քաղցրաշենի ոռոգման ինքնահոս համակարգերը: Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն այսօր ասաց, որ Մեղրի գետից ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մրցույթում հաղթել են «Սպիտակ 1» և «Դորոժնիկ» շինարարական կազմակերպությունները:

«Երկուսն էլ հանրապետությունում բավականին ճանաչված, խոշոր կազմակերպություններ են և ունեն կառուցելու պոտենցիալ։ Աշխատել են և «Հազարամյակի մարտահրավեր» և այլ ծրագրերով։ «Սպիտակ 1»-ը, օրինակ, Թալինի ջրանցքի վրա բավականին լուրջ բետոնային աշխատանք են կատարել»,- ասաց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի 2012 թվականի զեկույցում անդրադարձ կար նաև Թալինի ջրանցքի նորոգման աշխատանքներին։ Ըստ փաստաթղթի՝ Թալինի մայր ջրանցքի շրջադարձերի որոշ հատվածներում սխալ նախագծային լուծումների հետևանքով ջուրը ջրանցքից դուրս էր գալիս և ողողում ջրանցքի սպասարկման գոտին։ Բացի այդ, ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների, կատարված աշխատանքներից հետո ջրանցքի պատերին ճաքեր էին առաջացել:

Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը դեռ անցած տարվա ամռանը անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին, ասել էր, որ Թալինի ջրանցքի աշխատանքները իրականացվել են ձմռանը, և դա է ճաքերի առաջացման պատճառը, և, որ նշված թերությունները հետագայում վերացվել են:

Նկատենք, որ Մեղրի գետից ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման շինարարական աշխատանքները ևս մեկնարկում են ձմռանը, հետևաբար մտավախություն չկա՞, որ հետագայում այդ աշխատանքներում ևս կլինեն թերություններ: Այդ հարցին ի պատասխան՝ «Սպիտակ 1» ընկերությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ եթե ջերմաստիճանը լինի մինուս 20-ից 30 աստիճան, ապա բնականաբար, շինարարական աշխատանքներ չեն իրականացվի:

Դիմեցինք նաև ֆինանսների նախարարություն, պարզելու համար թե ինչպե՞ս է, որ տվյալ կազմակերպությունը չի հայտնվել «սև ցուցակում», ավելին՝ հաղթել է հերթական մրցույթում: Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց, որ ընկերությունները կարող են հայտնվել «սև ցուցակում» երկու ճանապարհով:

«Առաջինը՝ պատվիրատուն ինքն է դիմում և հայտնում իր դժգոհության մասին տվյալ կազմակերպության կատարած աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ, ինչը այս պարագայում տեղի չի ունեցել։ Երկրորդ տարբերակը՝ մենք ինքներս, հիմնվելով լրատվամիջոցների, կազմակերպությունների մատնանշած փաստերի վրա, անցկացնում ենք ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել, ինչպիսի հիմքեր կան «սև ցուցակում» ընդգրկելու համար, ինչը, կարծում եմ, կանենք այս կազմակերպության վերաբերյալ, որը առնվազն 1-2 օր կպահանջի»,- ասաց Առաքելյանը։

Ի դեպ, ոռոգման համակարգերի բարելավման ծրագրով թեև նախատեսվում է զգալիորեն նվազեցնել ջրի կորուստները, խնայել ծախսվող էլեկտրաէներգիան, ինչի արդյունքում կնվազի ջրի ինքնարժեքը, սակայն ջրի սակագնի նվազեցում չի նախատեսվում, ասում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:
XS
SM
MD
LG