Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 1-ի զոհերի ծնողները վրդովված են. «Քոչարյանն ի՞նչ երեսով պետք է վերադառնա»


Մարտի 1-ի զոհերի հարազատները բողոքի ակցիան են անցկացնում Երևանում, արխիվ

Մարտի 1-ի զոհերի հարազատները բողոքի ակցիան են անցկացնում Երևանում, արխիվ

«Մի նախագահ, որի օրոք եղել է հոկտեմբերի 27 և մարտի 1-ի սպանդ, այսօր ի՞նչ երեսով է փորձում վերադառնալ քաղաքականություն». «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տարակուսած էին 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների ծնողները՝ «թշնամի» համարելով այն քաղաքական ուժերին, որոնք կփորձեն կանգնել Ռոբերտ Քոչարյանի թիկունքում։

Մարտի 1-ին ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցներից սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, խիստ վրդովված էր նախկին նախագահի ակտիվացումից և այն քննարկումներից, թե արդյոք Քոչարյանը կրկին իշխանության գալու հայտ է ներկայացնում։

«Խորհուրդ կտայի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնար քաղաքականություն և գնար Աֆրիկա իր որսով զբաղվեր... ամոթու։ Նա ի՞նչ դեմքով, ի՞նչ երեսով պետք է վերադառնա քաղաքականություն, նա իրավունք չունի, նա Հայաստանից պետք է արտաքսվի։ Համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ նա կանգնելու է դատարանի առաջ, եթե նա մոռացել է մեր վիշտը, մենք երբեք չենք մոռանա»,- ասաց զոհվածի հայրը՝ վկայակոչելով Ուկրաինայի օրինակը, որտեղ հակակառավարական ցույցերը չեն դադարում, բայց ոչ ոք չի կրակում ժողովրդի վրա.- «Ուկրաինայում երկու ամիս է գնում են ցույցեր և ոչ մի զոհ... Իսկ մենք ի՞նչ էինք արել, Օպերայում հանգիստ կանգնած պահանջում էինք նոր ընտրություններ, ոչ մեկին չէինք խանգարում, ոչ մի բան.. Ինչո՞ւ հարձակվեց ժողովրդի վրա, ինչո՞ւ ձերբակալեց հարյուրավոր մարդկանց, վիրավորեց, սպանեց.. ի՞նչ էինք արել, դա մեր սահմանադրական իրավունքն էր, դրա համար կարելի՞ է մարդ սպանել.. և հիմա ի՞նչ երեսով է դուրս գալիս ժողովրդի աչքի առաջ, էկրաններին։ Ո՞նց կարելի է»։

Մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման համար մի քանի տարի ապարդյուն պայքարելուց հետո մշտական բնակության է մեկնել արտերկիր, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում չէր կարծում, որ իրականում լուրջ տարաձայնություններ կարող են լինել գործող իշխանությունների և Ռոբերտ Քոչարյանի միջև։

«Ես ուղղակի զարմանում եմ, ո՞նց է Քոչարյանն այսօր քննադատում նրանց, ում համար արյունոտվել է, իր ձեռքերն արյունոտել է։ Ու հիմա նրանց մեջ որևէ հակադրություն լինի՞, ես չեմ հավատում դրան։ Ես համոզված եմ, որ ներքին ինչ-որ պայմանավորվածություն կա, ուղղակի այդ ձևով ուզում են Քոչարյանին առաջ քաշել։ Դա նշանակում է, որ նրանք ծաղրում են մեզ, մտածում են, որ իրենք իրենց արածը մարսել են, ու հիմա հետ է վերադառնո՞ւմ։ Բացի զոհերից, կան նաև հազարավոր վիրավորներ, հալածյալներ, հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքը, հարյուրավորները վիրավորվել են.. էլ չեմ ասում հոկտեմբերի 27-ը.. Ու այդ ամեն ինչը մոռանալով՝ հիմա Քոչարյանն ուզում է գա իշխանությա՞ն։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը չի ների, ճիշտ է, արտագաղթը մեծ է, ժողովուրդը հուսահատ է, բայց դա չի նշանակում որ հիշողություն չունի»,- ասաց Հովհաննիսյանը։

Ժողովրդի կողմից ընտրվելու շանս, զոհվածի մոր կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը չունի, այլ հարց է, եթե քաղաքական ուժեր փորձեն նրան բերել իշխանության։ Զոհվածների հարազատները տարակուսած էին վերջին օրերին նախկին նախագահի ակտիվացման ֆոնին ոչ իշխանական քաղաքական ուժերի չեզոք կեցվածքից։

«Զարմանում եմ, որ այդ արյունը, որ Քոչարյանի վրա է, որևէ մեկը իրեն չի հիշեցնում»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը.- «Որևէ քաղաքական ուժ, եթե կանգնի Քոչարյանի մեջքին, ուրեմն այդ ուժը Հայաստանի թշնամին է, հայ ժողովրդի թշնամին է։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ ոչ իշխանական ուժերին ժողովուրդը ձայն է տվել ոչ թե նրա համար, որ նրանք Քոչարյանի մեջքին կանգնեն, Քոչարյան հետ բերեն, այլ նրանց մեջ այլընտրանք է տեսել»։

«Գիտե՞ք ինչ, ամեն մարդու վերք իրեն է ցավ տալիս»,- նշեց Սարգիս Քլոյանը.- «Որովհետև նրանց երեխաները չեն զոհվել, նրանք շառից փորձանքից հեռու, գլուխները կախ հետևում են քաղաքական դաշտին, թե ինչ կկատարվի։ Բայց մենք... շուտով 6 տարին կլրանա, ես չեմ կարող մոռանալ, որովհետև ես որբ երեխաներ եմ մեծացնում։ Ուրիշների հայրիկները իրենց երեխաներին դնում են մեքենաները, ման են տալիս, իսկ իմ թոռնիկները դառը նայում են այդ երեխաներին...»։

Գոռ Քլոյանի մայրը օրերս սրտի կաթված է ստացել և այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ «Վեց տարի շարունակ ամեն անգամ որդու գերեզմանին այցելելիս, ուշաթափվում է։ Բա սի՞րտ կմնա»,- վշտացած էր զոհվածի հայրը։

«Ազատության» զրուցակիցները հատուկ նշում էին, որ իրենց այս հայտարարություններն ամենևին չեն նշանակում, որ մարտիմեկյան իրադարձությունների և դրանց բացահայտման համար գործող նախագահ Սերժ Սարգսյանին հավասարապես պատասխանատու չեն համարում կամ նրան գերադասում են Ռոբերտ Քոչարյանից։

«Վերջին 6 տարիներին Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց սպանությունները կոծկելու, մեղավորներին պատասխանատվությունից զերծ պահելու համար։ Ավելին, իր կեղծ պատմաբանների միջոցով կեղծ պատմության դասագիրք գրեց, որտեղ «Մարտի 1»-ի զոհերը ներկայացվեցին որպես երկուստեք հրաձգությունից զոհվածներ»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը։

Մարտի 1-ի սպանությունների գործը արդեն մոտ վեց տարի նախաքննության փուլում է։ Չնայած քննությանը նոր թափ հաղորդելու՝ գործող նախագահի հանձնարարականներին, մինչև օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։
XS
SM
MD
LG