Մատչելիության հղումներ

Կուտակայինին ընդդիմացողները քննարկում են իրենց հնարավոր գործողությունները


«Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները կոչ են անում քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին հետևել Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի խմբակցությունների օրինակին և միանալ հունվարի 18-ին կազմակերպվելիք իրենց հավաք-երթին:

Բողոքի այս ակցիայի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել և այնուհետև հակասահմանադրական ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը:

Ոչ իշխանական ուժերը Սահմանադրական դատարան միջնորդություն էին ներկայացրել օրենքի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ: Դատարանը իր որոշումը կհրապարակի մինչև հունվարի 25-ը։

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամներ Դավիթ Մանուկյանն ու Հարություն Աղլամազյանը ասում են, որ եթե քաղաքական ուժերն իրենց գործը պատշաճ չեն կատարում, քաղաքացիական հասարակությունը պետք է ընդվզի ու դուրս գա փողոց:

«Սահմանադրական դատարանը վերջնական կետ չէ, ոչ էլ հանգրվան է, այսօր արդեն հազարավոր մարդիկ գիտակցել են, ու սայլը տեղից շարժվել է, դուրս են գալիս փողոց մեզ հետ։ Միտքը արդեն տարածված է»,- ասաց Մանուկյանը։

ՍԴ-ն վերջին ատյան չէ, և եթե այստեղից ստացված պատասխանը իրենց չգոհացնի, օրենքին ընդդիմացող քաղաքացիները կդիմեն այլ միջոցների՝ փողոցներ փակելուց մինչև գործադուլ, հավելում է Աղլամազյանը։

Ակտիվիստները այս փուլում կոչ են անում քաղաքացիներին չընտրել կառավարիչներից և ոչ մեկին, թեպետ օրենքում այս հարցը կարգավորված է, և կառավարիչներին չընտրելու դեպքում պետությունը ինքն է ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը։ Այդուհանդերձ, ակտիվիստները կարծում են, որ համընդհանուր անտարբերությունը նույնպես պայքարի ձև է: Իսկ երբ փետրվարին քաղաքացիները տեսնեն, որ իրենց աշխատավարձը 5 տոկոսով պակասել են, ակտիվիստները հորդորում են դիմել դատարաններ։

«Որովհետև եթե դու ընտրում ես ինչ-որ բան, որ քեզ առաջարկում են, նշանակում է դու անուղղակիորեն կամ ուղղակիորեն համաձայն ես դրա հետ։ Ինձ համար խոշոր հաշվով ի՞նչ տարբերություն՝ որ ֆոնդն է ինձ գրպանահատելու»,- ասում է Դավիթ Մանուկյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան երեկ 2rd.am կայքէջին տված հարցազրույցում անդրադարձել էր պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքին: Երկրորդ նախագահի գնահատականը, ի տարբերություն Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի, բացասական էր: Քոչարյանը ասել էր, որ եթե 2005 թվականին ներդրած լիներ օրենքը, 2009 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ մարդիկ կկորցնեին իրենց կուտակած փողերը, և ներողություն խնդրելը իրեն հաստատ չէր փրկի:

«Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են, և որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում»,- ասել էր երկրորդ նախագահը:

Ակտիվիստ Դավիթ Մանուկյանը չբացառեց, որ Քոչարյանի այս գնահատականը կարող է շեղող մանիպուլյացիա լինել։

«Փառահեղ Հայաստանի Հանրապետության ոչ այնքան փառահեղ երկրորդ նախագահն իր կարծիքը հայտնել է։ Իսկ ինչո՞ւ է շեղվել բոլորի ուշադրությունը դեպի դա»,- հարցնում է Մանուկյանը։
XS
SM
MD
LG