Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյան. «Տնտեսությունը վերացրել է ինքը Ռոբերտ Քոչարյանը»


Արման Բաբաջանյանը Ազատություն TV-ի ուղիղ եթերում, Երևան, 13-ը հունվարի, 2014թ.

Արման Բաբաջանյանը Ազատություն TV-ի ուղիղ եթերում, Երևան, 13-ը հունվարի, 2014թ.

Վերլուծաբանի համոզմամբ՝ նախկին նախագահը և նրան սպասարկող ուժերը ցանկանում են հասնել արտահերթ ընտրությունների, իսկ նվազագույնը՝ վարչապետի փոփոխության։

«Հայաստանում տնտեսությունը վերացրել է ինքը Ռոբերտ Քոչարյանը, երբ գողական օրենքներով ուղղակի բաշխվում էր ամբողջ պետական ունեցվածքը», - հայտարարեց վերլուծաբան, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահի և ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի բանավեճը՝ Բաբաջանյանը նաև ասաց. - «Այդ օլիգարխիկ ու մոնոպոլ տնտեսական համակարգի ամբողջ հիմքերը դրվել են Քոչարյանի օրոք, և այսօր չքմեղանալ և փորձել սեփական արատավոր ամբողջ ժամանակաշրջանի գործողությունները և որոշումները բարդել բացառապես այս իշխանության վրա՝ ուղղակի թոզփչոցի է նրանց աչքերին, ովքեր չեն հասկանում»։

«Այսօր, երբ խոսվում է նույն գազի պայմանագրի մասին, մենք դառը փորձ ունենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք՝ 2002 թվականի աշնանը Ռուսաստանի հետ «Գույք՝ պարտքի դիմաց» են պայմանավորվել, նույն գազային այն կորուստների պատճառով, այն գողացած գազի համար, որը վերջում, փաստորեն, նորից պետական պարտքի տեսքով «Գույք՝ պարտքի դիմաց» այդ խայտառակ պայմանագիրը կնքվեց», - ընդգծեց վերլուծաբանը:

Նա կարծիք հայտնեց, որ «Քոչարյանը և նրան սպասարկող քաղաքական ուժերը ամեն ինչ անելու են, որպեսզի, առաջինը, առավելագույնը՝ հասնեն արտահերթ ընտրական գործընթացների, նվազագույնը՝ վարչապետի փոփոխության հասնելու նպատակ է հետապնդում այս բոլորը»։

«Ռոբետ Քոչարյանը փորձում է բողոքավոր այն շերտերը, որոնք այսօր փողոցում են, և հայտնի է, որ նրանք շատ ակտիվ են, իսկապես քաղաքացիական անվրդով մղումներով նրանք պայքարում են՝ և՛ [կենսաթոշակների] կուտակային [պարտադիր համակարգի դեմ պայքարող] «Դեմ եմ» շարժման մասին է խոսքը, և՛ գազի պայմանագրի, նա փորձում է այս խմբավորումները իր տակ վերցնել և առաջնորդել նրանց», - ասաց Արման Բաբաջանյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG