Մատչելիության հղումներ

Կրիշտիանու Ռոնալդուն 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ


Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ»-ի կազմում գրավում է իր նախկին ակումբի` «Մանչեսթր Յունայթեդ»-ի դարպասը, Մանչեսթր, 5-ը մարտի, 2013թ.

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ»-ի կազմում գրավում է իր նախկին ակումբի` «Մանչեսթր Յունայթեդ»-ի դարպասը, Մանչեսթր, 5-ը մարտի, 2013թ.

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն այսօր ճանաչվել է անցյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացել է ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակը։ Անվանակարգում նրա հետ մրցել են Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսին (նա երեք անգամ է ստացել այդ մրցանակը) և Ֆրանսիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ֆրանկ Ռիբերին։

Անցյալ տարվա լավագույն մարզիչը Յուփ Հեյնքեսն է, որի ղեկավարությամբ Մյունխենի «Բավարիա»-ն վաստակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթը (ներկայումս «Բավարիա»-ի մարզիչը «Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Ջոզեպ Գուարդիոլան է)։

Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին «Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը և Դորթմունդի «Բորուսիա»-ի ներկայիս մարզիչ Յուրգեն Քլոփը։

Հունգարացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշի անվան «Ամենագեղեցիկ գոլ» մրցանակը տրվել է Զլատան Իբրահիմովիչին (Փարիզի «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող), ով Շվեդիայի հավաքականի կազմում ֆանտաստիկ հարվածով գրավել է Անգլիայի հավաքականի դարպասը։

Իբրահիմովիչի մրցակիցներն էին երկու գեղեցիկ գոլերի հեղինակներ՝ Լիսաբոնի «Բենֆիկա»-ի կազմում հանդես եկող սերբ Նեմանյա Մատիչը և «Բարսելոնա»-ի կազմում հանդես եկող բրազիլացի Նեյմարը։

Լավագույն կին-ֆուտբոլիստի Ոսկե գնդակը ստացավ գերմանուհի Նադին Անգերերը, որի հետ այդ անվանակարգում մրցել են բրազիլուհի Մարտան և ամերիկուհի Աբբի Ուամբախը։

ՖԻՖԱ-ի Պատվավոր Ոսկե գնդակին արժանացավ բրազիլացի հանճարեղ ֆուտբոլիստ 73-ամյա Պելեն (Էդսոն Արանտես դո Նասիմենտո), որին ժամանակին անվանել են «ֆուտբոլի արքա»։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG