Մատչելիության հղումներ

Սիրիահայ ընտանիքը արդար քննություն է պահանջում


Ոստիկանությունն ուսումնասիրում է անցած տարեվերջին սիրիահայերի ու տեղացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները։

Դեկտեմբերի 27-ի երեկոյան, «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատիրոջ՝ Քաջիկ Կարապետյանի որդին ու իր ընկերները, ինչպես պնդում է սիրիահայ ընտանիքը, դաժան ծեծի են ենթարկել իրենց՝ հասցնելով տարբեր վնասվածքներ։ «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատերը, սակայն, նշում է, որ սիրիահայերն են նախահարձակ եղել։

Սիրիայից 7 տարի առաջ հայրենիք տեղափոխված, մայրաքաղաքում հաստատված Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման և պահեստամասերի վաճառքի գործ է ձեռնարկել։

«Ազատության» հետ զրույցում հայրն ու երեք որդիները պատմում են, թե «Մանանդի» սեփականտիրոջ որդին՝ Արթուրը ավտոպահեստամասի գնի շուրջ վեճի է բռնվել երկու որդիների ու նրանց հոր հետ։ Սիրիահայերը պնդում են, թե վեճից հետո Արթուրը թողել-հեռացել է, ու վերադարձել է երեք ժամ անց մի խումբ ընկերներով. - «Երեսուն հոգով եկել են: Տասնհինգը դուրսն են մնացել, տասնհինգը մտել են ներս։ Ես այստեղ չեմ եղել, եղել են մեծ ու փոքր եղբայրներս ու հայրս` վաթսուներկու տարեկան: Դուռը որ բացել են, այդ գլուխգործոցը ասել է, որ սրանք են, սպանեք»:

Հայրը՝ Արմենակ Բրուտյանն ու երկու որդիները՝ Մանուկն ու Քրիստը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Քրիստը վերակենդանացման բաժանմունքում է բուժում ստացել։ Այժմ արդեն նրանք տանն են։

Նրանց խոսքով` ծեծողները հայհոյում ու հարվածում էին երկաթե ձողերով: Հոր եւ որդիներից մեկի՝ Մանուկի առողջական վիճակը աստիճանաբար բարելավվում է։ Իսկ կրտսեր որդու՝ Քրիստի տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Հայրը որդիների հետ այսօր Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի աչքի կլինիկայում էին։ Կլինիկայի ղեկավար Թադևոս Հովհաննիսյանը զննելուց հետո եզրահանգեց, որ ձախ աչքը վնասվել է 90 տոկոսով, ու տեսողությունը կվերականգնվի տարիների ընթացքում։ Բժիշկը դժվարացավ ասել, թե ինչի արդյունք է տեսողության վնասումը։

«Մանանդ» տաքսի ծառայության ղեկավար Քաջիկ Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում, չցանկանալով տեսագրվել, նշեց, որ ափսոսում է կատարվածի համար` պնդելով, թե իրականում ոչ թե որդին է սկսել կռիվը, այլ սիրիահայ ընտանիքն է նախահարձակ եղել։ Ասում է, թե որդին լուրջ վնասվածքներ է ստացել. - «Վեց-յոթ հոգով միանգամից հարձակվել են տղայիս վրա, մի կերպ փախել է ինքը: Հետո, երիտասարդներ են, տաքարյուն են, տեսել են ինչն ինչոց է, ընկերներով, բարեկամներով, մի տասը-տասներկու հոգի են եղել, գնացել են… Սխալ է, ես չեմ ընդունում, որ այդ ձևով պետք է արվեր: Կարելի էր ավելի ցիվիլ ձևով հարցերը կարգավորել: Բայց երիտասարդ են… Ես մեղադրում եմ իրենց էլ»:

Կարապետյանը հերքում է սիրիահայ ընտանիքի պնդումները, թե որդին ու ընկերները երկաթյա ձողերով են ծեծել նրանց. - «Բոլորը սուտ է։ Մի հատ, երկու հատ մանտիրովկա, զապչաստ են վերցրել, գնացել են»:
Նա նաև ասաց, որ արդեն մի քանի տարի համագործակցում են սիրիահայ ընտանիքի հետ և ցավում է կատարվածի համար։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG