Մատչելիության հղումներ

Լեգենդար զինագործի հոգու տառապանքը


Ռուսաստան - Ռուս ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Յուվենալին աղոթում է Միխայիլ Կալաշնիկովի հոգու հանգստության համար, Միտիշչի, 12-ը դեկտեմբերի, 2013թ.
Ռուսաստան - Ռուս ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Յուվենալին աղոթում է Միխայիլ Կալաշնիկովի հոգու հանգստության համար, Միտիշչի, 12-ը դեկտեմբերի, 2013թ.

Միխայիլ Կալաշնիկովը մեղքի զգացում է ունեցել մոլորակի ամենահայտնի ավտոմատը ստեղծելու համար։

AK-47 տեսակի ինքնաձիգ հրացաններով զինված են մոլորակի ավելի քան 50 պետությունների բանակներ։ Բացի այդ, «կալաշնիկովը» բոլոր մայրցամաքներում գործող տարատեսակ ապստամբ խմբերի, պարտիզանական կամ ավազակային ջոկատների սիրված հրազենն է։ Այն նույնիսկ պատկերված է մի շարք երկրների պետական զինանշաններին։

Փորձագետների գերիշխող մեծամասնությունը AK-47-ը համարում է կատարյալ հրազեն, որը չափազանց պարզ է, վստահելի և անվրեպ։ Միխայիլ Կալաշնիկովը AK-47-ը ստեղծել է 1947 թվականին, 1949-ից զենքն արդեն փոխանցվել է խորհրդային բանակի զինվորներին։

Տասնամյակների ընթացքում Կալաշնիկովը բազմիցս կատարելագործել և արդիականացրել է ինքնաձիգը, որը համարվում է ամենատարածվածն աշխարհում։ Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում այսօրվա դրությամբ կա այդ ինքնաձիգ հրացանների մոտ 100 միլիոն միավոր։

Թերևս հնարավոր չէ ասել, թե քանի միլիոն մարդ է սպանվել «կալաշնիկովներից» արձակված գնդակներից։

Միխայիլ Կալաշնիկովը մահացել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին` 94 տարեկանում։ Պարզվում է, որ առասպելական զինագործը կյանքի ընթացքում և հատկապես վերջին տարիներին ինքն իրեն հաճախ է հարցրել, թե արդյո՞ք հրեշավոր չէր այդ գյուտը։

Անցած տարվա ապրիլի 7-ին Կալաշնիկովը նույնիսկ հատուկ նամակով դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին։

«Ձերդ Սրբազնություն, հոգուս ցավն անտանելի է, նույն անլուծելի հարցն է ինձ տանջում` եթե իմ ավտոմատը մարդկանց կյանք է խլել, ուրեմն ես` Միխայլո Կալաշնիկովս, գեղջկուհու զավակ և ուղղափառ քրիստոնյա, մեղավո՞ր եմ մարդկանց մահվան համար, նույնիսկ եթե նրանք թշնամի են եղել», - գրել է զինագործը Պատրիարքին։

«Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ՝ Կալաշնիկովը նամակում արծարծել է նաև փիլիսոփայական հարցեր, գրել է, որ կյանքի մայրամուտին Աստծո կամքով և ընկերների աջակցությամբ դարձի է եկել, խոստովանել և հաղորդություն ստացել։

Մի քանի տարի առաջ էլ զինագործը մերժել է իր անվան թանգարան կառուցելու առաջարկը և խնդրել է դրա համար հատկացված տարածքում Սուրբ Միխայիլի եկեղեցին կառուցել։ Տաճարի մոտ իր հայրենի Ալթայի մարզից բերած մայրի է տնկել։

«Կտեսնեն մարդիկ Ծառը և Տաճարը, կմտածեն Բարության և Կյանքի այդ երկու հավերժ խորհրդանիշերի մասին, և իմ հոգին կփառավորվի երկնքից այդ գեղեցկությունն ու երանությունը տեսնելուց», - ասվում է Պատրիարք Կիրիլին զինագործի հասցեագրած նամակում։

«Իզվեստիա»-ն հաղորդում է, որ Պատրիարքը պատասխանել է Կալաշնիկովին, շնորհակալություն է հայտնել նամակի համար, զինագործին անվանել է հայրենասեր։

Պատրիարքն անդրադարձել է նաև Կալաշնիկովին հուզող՝ զենքի ստեղծման համար բարոյական պատասխանատվության հարցին

Պատրիարքի մամլո խոսնակը «Իզվեստիա»-ին ասել է, որ եկեղեցին ունի միանգամայն հստակ դիրքորոշում` եթե զենքը ծառայում է Հայրենիքի պաշտպանությանը, ապա եկեղեցին սատարում է զենքին, այն ստեղծող զինագործին և կիրառող զինվորին։

«Նա այդ զենքը ստեղծել է երկրի պաշտպանության, այլ ոչ թե Սաուդյան Արաբիայի ահաբեկիչների համար», - ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի մամլո խոսնակ Ալեքսանդր Վոլկովը և հավելել, որ ուղղափառ եկեղեցու սպասավորները հաճախ են օրհնում նոր զենքը և աղոթում են զինվորների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG