Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում մեկնարկում է Պենդերեցկու 80-ամյակին նվիրված փառատոնը


Քշիշտոֆ Պենդերեցկի

Քշիշտոֆ Պենդերեցկի

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում կտրվի լեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյակին նվիրված փառատոնի մեկնարկը:

Անցած տարվա նոյեմբերին իր ծննդյան 80-րդ տարեդարձը նշած կոմպոզիտորի հոբելյանը նշանավորվել է տարբեր երկրներում կայացած բազմաթիվ համերգներով, որոնք եզրափակվել են Վարշավայում տեղի ունեցած մեծ փառատոնով`ավելի քան 50 համերգ` աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ:

Աշխարհահռչակ կոմպոզիտորը այսօր առավոտյան ժամանել է Երևան` տիկնոջ`Էլժբետա Պենդերեցկու ուղեկցությամբ: Նրանց հետ փառատոնին մասնակցելու են եկել Դասական երաժշտության եվրոպական ասոցիացիայի նախագահ Դարկո Բոլեկը և նույն ասոցիացիայի փոխնախագահ, անվանի ֆլեյտահար Մասսիմո Մերկելին:

Լրագրողների հետ հանդիպմանը այսօր «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը հպարտությամբ շեշտեց, որ Պենդերեցկու այս համերգաշարը պատմական իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում. - «Եվ լավ սկիզբ է, որ փառատոնը իր 15-րդ, հոբելյանական տարին սկսում է մեր ժամանակների հանճարեղ կոմպոզիտոր Կշիշտոֆ Պենդերեցկու օրերով Հայաստանում»:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հավելեց. - «Կուզենայի ողջունել «Երևանյան հեռանկարներ» փառատոնին, որ տարին սկսում են իսկապես այսպիսի մեծ արարողությամբ, այսպիսի մեծ իրադարձությամբ»:

Դեռ 2008 թվականին նույն «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում իր առաջին հայաստանյան այցի ժամանակ Պենդերեցկին անակնկալ կերպով այստեղ խոսեց իր հայկական արմատների մասին: Այսօր ևս ասաց, որ իր տատիկը հայ է եղել, ընտանիքը 18-րդ դարից ի վեր ապրել է Կրակովում:

«18-րդ դարում Լեհաստանում մեկ միլիոնից ավելի հայեր կային», - ասաց կոմպոզիտորը:

Հարցին, թե արդյոք իր ստեղծագործության վրա որևէ ազդեցություն ունեցել է հայ հոգևոր երաժշտությունը, կոմպոզիտորը բացասական պատասխան տվեց:

«Ես միայն հիշում եմ, որ տատիկս ինձ հայկական եկեղեցի էր տանում: Երկու-երեք անգամ եղել եմ: Այն ժամանակ Կրակովում շատ հայեր էին ապրում: Ցավոք, հիմա Կրակովում հայկական եկեղեցի չկա: Հայկական համայնքը պահպանվել է, բայց հայերի մեծ մասը գնացին Լեհաստանից», - ասաց նա` հավելելով նաև, որ մի ստեղծագործություն է գրում, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Պենդերեցկու համերգաշարը կբացի Հայաստանի երիտասարդական նվագախումբը, իսկ հունվարի 16-ին կամփոփվի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:
XS
SM
MD
LG