Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կթուլացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները


«Ծանր ջրի» արտադրության գործարան, Արաք, Իրան, արխիվ, 15 հունվարի, 2011թ.
«Ծանր ջրի» արտադրության գործարան, Արաք, Իրան, արխիվ, 15 հունվարի, 2011թ.

Հայաստանի անմիջական հարևան Իրանի դիրքը միջազգային ասպարեզում մոտ ապագայում պետք է բարելավվի։

Հունվարի 20-ից Միացյալ Նահանգների կառավարությունն աստիճանաբար սկսելու է մեղմել Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները, որոնք ծանր հարված են հասցրել այդ երկրի տնտեսությանը։

Ծրագիրը հավանության է արժանացել անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի միջուկային հարցով բանակցող վեցյակի ժողովում։ Վեց գերտերություններն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, բանակցող մյուս կողմը` Իրանը։ Նախկինում այդ ձևաչափն անվանել են «վեց գումարած մեկ», սակայն վերջին ժամանակաշրջանում այն կարելի է անվանել «յոթ գումարած մեկ», քանի որ բանակցություններին միացել է նաև Եվրամիությունը։

Կողմերը լուրջ փոխզիջումներ են արել. Ամերիկան համաձայնել է թուլացնել պատժամիջոցները, մասնավորապես, ապասառեցնել արևմտյան բանկերում Իրանին պատկանող մոտ 4 միլիարդ 200 միլիոն դոլարի ակտիվները, որոնք գոյացել են նավթի վաճառքից։

Դրա դիմաց Իրանը պարտավորվել է առնվազն կես տարով դադարեցնել ուրանի 5 տոկոս հարստացումը, ոչնչացնել մոտ 200 կիլոգրամ մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, չտեղադրել հարստացման համար անհրաժեշտ նոր ցենտրիֆուգներ և արտոնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների ազատ մուտքը միջուկային բոլոր օբյեկտներ։

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և բանակցող մնացած երկրների ղեկավարներն, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթոնը ողջունել են գործարքը։

Միակ երկիրը, որը դժգոհություն է հայտնել` Իսրայելն է, որտեղ համոզված են, որ Թեհրանի հմուտ դիվանագետները հերթական անգամ կարողացել են ժամանակ շահել Իրանի միջուկային ռումբը ստեղծելու համար։

Երկու տարի առաջ Արևմուտքը խստացրել է նաև իրանական նավթի վաճառքի հնարավորությունները։ Այդ պատժամիջոցը դեռ կմնա ուժի մեջ և կարող է վերանայվել, եթե Իրանը կատարի առաջին փուլում ստանձնած բոլոր պարտավորությունները։

Իսկ նոր պատժամիջոցներ չեն սահմանվի։ Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ վետոյի կենթարկի նոր պատժամիջոց ենթադրող Կոնգրեսի ցանկացած նախաձեռնություն։

Պետքարտուղար Ջոն Քերրին երեկ Փարիզում ասել է, որ «Իրանի հարցով բանակցությունների հաջորդ փուլը շատ ավելի բարդ կլինի, բայց միայն դա է տալիս ազգային անվտանգության հրատապ հարց հանդիսացող այս վեճը խաղաղ եղանակով լուծելու հնարավորություն»։

Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչն այսօր Բրյուսելում նույնպես գոհունակությամբ է խոսել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` ասելով, որ Եվրամիությունը պատժամիջոցների հարցում դիրքորոշումը չի փոխի։

Ենթադրվում է, որ գերտերությունները փետրվարին կգումարեն հատուկ ժողով, որի ընթացքում կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի հարցով Ժնևյան համաձայնությունների կատարման և Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հնարավոր հետագա թուլացման թեման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG