Մատչելիության հղումներ

logo-print

Հենրիկ Նավասարդյանի որդու մասնակցությամբ հերթական միջադեպն է գրանցվել


Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու՝ Դավիթ Նավասարդյանի անմիջական մասնակցությամբ հերթական միջադեպն է գրանցվել։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու՝ Դավիթ Նավասարդյանի անմիջական մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։

Խնդիրն այս անգամ ծագել էր Գնունի շուկայի մոտ Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Սարգսյանի ու Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու՝ Դավիթ Նավասարդյանի միջև։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մարմնական վնաս հասցնելու կասկածանքով տրանսպորտի վարչության պետի 27-ամյա որդին ու վերջինիս վարած «Պորշ կայեն» մեքենան իր ևս 3 ուղևորներով բերման է ենթարկվել։ Թե որն է եղել վիճաբանության բուն պատճառն ու ով է եղել իրական մեղավորը, կպարզի փորձաքննությունը, սակայն ըստ ոստիկանության նախնական տեղեկատվության, մեղավորը Նավասարդյանի որդին չէ։ Նշեմ, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, Նավասարդյանի ավտոմեքենայում հատնաբերվել է դանակ ու թմրամիջոց։

Նավասարդյանն այժմ ազատության մեջ է: «Ազատության» հարցին, թե արդյոք, թմրամիջոցն ու դանակը բավարար փաստեր չէին նրան ձերբակալելու համար, ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ ավելացնելու ոչինչ չունի։

Հիշեցնենք, որ նախկինում էլ Դավիթ Նավասարդյանը խնդիրներ էր ունեցել Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների հետ, երբ վերջրիններս պահանջում էին Դավիթի հոր՝ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը։ Պաշտոնյայի որդին թքել էր ակտիվիստների ուղղությամբ ու հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։

Ակտիվիստ Գայանե Մելքոմյանի խոսքով այն ժամանակ իրենց բազում հորդորներից հետո է միայն ոստիկանությունը միջամտել ու Դավիթ Նավասարդյանին բերման ենթարկել, ի դեպ՝ ոչ սթափ վիճակում։

«Իրականում տեղի ունեցածը խուլիգանություն էր, որովհետև խուլիգանության հանցակազմը հասարակական կարգը կոպիտ խախտելն է, արհամարհական, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն է, որը որ նա արել էր, բայց միայն ճանապարհային երթևեկության կանոնը խախտելու համար տուգանվեց և ազատ արձակվեց և մի քանի ամիս հետո տեսնել ավելի վտանգավոր արարք զարմանալի չէ», - ասաց ակտիվիստը։

Մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել օգոստոսի 24-ի գիշերը։ Ակտիվիստներ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկեցին, ակտիվիստները կասկածներ ունեին, որ այստեղ կրկին Դավիթ Նավասարդյանի մատն է խառը։

«Ըստ էության համարժեք պատասխանի չի արժանանա, որովհետև հայրը Հենրիկ Նավասարդյանն է», - հավելեց Մելքոմյանը։

Քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանի խոսքով` երեկվա միջադեպն ուղղակի շարունակությունն է ստեղծված անպատժելիության մթնոլորտի։ Ասում է, որ միայն թմրանյութի առկայությունը, իսկ նախկինում նաև դրա օգտագործման փաստը բավարար էր, որպեսզի Նավասարդյանի որդու նկատմամբ քրեական գործ հարուցվեր ու նա ճաղերի հետևում հայտնվեր։ Մինչդեռ նա ազատության մեջ է։ «Հասարակ քաղաքացու պարագայում օրենքն իր ողջ ուժով արդեն կիրառած կլինեին», - ասում է Զառա Հովհաննիսյանը։

«Նմանատիպ մարդկանց հայրերը գտնվում են բարձր պաշտոններում և նրանք տիրապետում են բավական լուրջ ռեսուրսների, մենք գիտենք, թե տրանսպորտի ամբողջ ոլորտն ինչպիսի մեծ մաֆիա է և ինչպիսի մեծ բիզնեսներ է առաջացնում։ Գծատերերը հենց իրենք էին և մինչ այժմ իրենք են՝ Տարոն Մարգարյանը, նույն Հենրիկ Նավասարդյանը, և մենք տեսնում ենք, որ քրեական աշխարհը ունենում է իր շարունակությունը, երիտասարդացումը և երիտասարդական դրսևորումները», - ասաց Հովհաննիսյանը։

Ակտիվիստն հավելում է, որ ոստիկանությունը վաղուց արդեն ոչ թե ժողովրդի, այլ օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյանների սատարողն ու հանցանքները կոծկողն է, ու ոչ միայն նրանց, այլև նրանց ունեցվածքի պաշտպանը։

«Ես շատ լավ հիշում եմ, երբ «Հարսնաքար»-ի իրադարձությունները տեղի ունեցան, մոմավառության ակցիաների ժամանակ ոստիկանությունը մինչև ատամները զինված բռնություն էր կիրառում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամաբ։ Էնպիսի մի հավատարմությամբ պաշտպանում էր Ռուբեն Հայրապետյանի ունեցվածքը, կարծես ժողովուրդը հարձակվել էր, բռնի գործողություններ էր կատարում։ Ոստիկանությունը միշտ եղել է քրեական օլիգարխիայի կողքին, սպասարկել է նրա շահը և եղել է միշտ դեմ ժողովրդին ու նրա արդարացի բողոքներին», - նշեց քաղաքացիական ակտիվիստը։

Հովհաննիսյանը խոսում է նաև այս իրավիճակից բխող վտանգների մասին. - «Ոստիկանությունը բոլորովին չի կատարում իր ֆունկցիան, և դրա արդյունքները սարսափելի են լինելու, մարդիկ սկսելու են հնարավորինս զինվել, ինքնապաշտպանվել և այս պարագայում կարող են լինել է'լ սամասուդեր, է'լ փոխհրաձգություններ, ոչ մի բան չես կարող կանխարգելել, մենք ունենում ենք բավական քրեականացված պետություն»։

Ինչ վերաբերում է դեպքի շուրջ քաղաքապետի դիրքորոշմանը, ապա Տարոն Մարգարյանն այսօր ասել է, որ մանրամասներին չի տիրապետում, և դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։ Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է, որ որդու արարքների պատճառով Նավասարդյանը հրաժարական տա, Մարգարյանը պատասխանել է.«Չեմ հասկանում, թե ինչու պետք է Նավասրդյանը հրաժարական տա»։
XS
SM
MD
LG