Մատչելիության հղումներ

Երեկ Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստում նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեկ Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստում նախագահ է ընտրվել Տարոն Մարգարյանը: Այսօր «Ազատության» հետ զրույցում Մարգարյանն ասաց, որ ընտրվել է իր ցանկությամբ, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձնում մայրաքաղաքում շախմատի զարգացմանը: Նա նշեց, որ վճռական է տրամադրված և առաջիկայում մեծ թափ է հաղորդելու մայրաքաղաքում շախմատի զարգացմանը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի խոսքով, ընտրություններին այլ թեկնածու չի առաջադրվել, տեղում առաջարկել են Մարգարյանի թեկնածությունը և ուրախությամբ կողմ քվեարկել։ 42 պատվիրակներից դեմ է քվեարկել միայն մեկը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է։ Մեր այն հարցին, թե արդյոք դա՞ է պատճառը, որ Մարգարյանը նույնպես ցանկացել է դառնալ ֆեդերացիայի նախագահ, քաղաքապետը պատասխանեց, թե դեռ 2005 թվականից՝ Ավանի թաղապետ աշխատելու ընթացքում, շախմատի դպրոց է ստեղծել և այժմ էլ ցանկանում է շարունակել աշխատանքն այս ոլորտում:

Տարոն Մարգարյանի մոտ իմաստուն խաղի հանդեպ սերը վաղուց է եղել՝ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց մանկուց խաղում է:

Ի դեպ առաջիկայում Տարոն Մարգարյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նիստ է անցկացնելու, որի ընթացքում քննարկելու է, թե ինչպես պետք է զարգացնեն իմաստուն խաղը մայրաքաղաքում։
XS
SM
MD
LG