Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել 2rd.am կայքին` շարունակելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ անցած տարեվերջից ծավալված հեռակա բանավեճը, անդրադառնալով գազային համաձայնագրերին, կուտակային կենսաթոշակային համակարգին:

Եթե նախորդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին անվանել էր «թերարժեք», ապա այսօր վերջինիս համարում է «անհույս»:

Տիգրան Սարգսյանը, հիշեցնենք, փորձել էր աղյուսակների միջոցով հակադարձել Ռոբերտ Քոչարյանի նախորդ հարցազրույցին:

Երկրորդ նախագահը իր նոր հարցազրույցում ընդգծում է, որ չի պատրաստվում բանավիճել որևէ մեկի, առավել ևս վարչապետի հետ. - «Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով: Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացե˚լ է, թե˚վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, և ոչ էլ՝ նկարված վիճակագրությունից»:

Քոչարյանը, այդուհանդերձ, Սարգսյանի «գունավոր աղյուսակներում» մի հետաքրքիր բան է նկատել: Մասնավորապես, անդրադառնալով վարչապետի դիտարկմանը, թե 2009-ին տնտեսության անկումը եղել է 18.5, այլ ոչ թե պաշտոնապես ներկայացված 14.1 տոկոս, երկրորդ նախագահը հեգնում է. - «Եթե դա այդպես է, ապա անկման մակարդակով 2009թ. մենք աշխարհում զբաղեցրել էնք ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղը, ճիշտ է՝ վերջից: Շնորհավորում եմ վարչապետին»:

Անդրադառնալով կառավարության կողմից գազի սակագնի բարձրացման փաստը հասարակությունից գաղտնի պահելու և 300 մլն դոլար պարտքի կուտակմանը` Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ավելի հեշտ կլիներ, եթե իշխանությունը պարզապես ներողություն խնդրեր:

«Ընդ որում, հենց սկզբից հասկանալի էր, որ կառավարությունը չի կարող խուսափել տհաճ բացատրություններից, քանի որ օրենսդրությունն ուղղակի թույլ չի տալիս շրջանցել խորհրդարանը: Գուցե, այնուամենայնիվ, հույս ունեին «Գազպրոմ»-ի հետ համաձայնության գալ որևէ այլ սխեմայով, բայց չստացվեց: Արդյունքում ստացվեց շատ տհաճ պատմություն, և կառավարության հեղինակությունը լրջորեն տուժեց:Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ և ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել», - ասել է նա` հավելելով. - «Վստահ եմ, որ հենց սկզբից պետք էր ուղիղ ասել թե գազի գնի թանկացման, թե այդ խնդրի լուծման ուղղությամբ իշխանության գործադրած ջանքերի մասին»:

Խոսելով «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած 20 տոկոս մասնաբաժինը պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին տալու որոշման մասին` Ռոբերտ Քոչարյանը նշում է. - «ՀՀ կառավարությունը ամբողջապես հեռացավ ընկերության կառավարումից՝ ստանալով միայն Տնօրենների խորհրդի նիստերին դիտորդ լինելու իրավունք: Այնքան էլ հաճելի չէ, իհարկե, կորցնել ազդեցությունը, սակայն ամեն դեպքում դա տեղավորվում է բիզնեսի տրամաբանության շրջանակում»:

Երկրորդ նախագահը, մինչդեռ, ծայրահեղ խոցելի է համարում համաձայնագրի այն կետը, որով «ՀայՌուսգազարդ»-ը մինչև2043 թվականի վերջը Հայաստան գազի ներմուծման մենաշնորհ է ստանում. - «Պատանդ չի դառնա արդյո˚ք երկրի էներգետիկան վերոհիշյալ համաձայնագրի ձեռքում: Այս համաձայնագրով կառավարությունը դիտորդ դարձավ ոչ միայն Հայռուսգազարդում, այլև ընդհանրապես հանրապետության գազի բնագավառում»:

Քոչարյանը հիշեցնում է, որ ինքը «Գազպրոմ»-ի հետ համագործակցության տասնամյա փորձ ունի, բայց այդ ընկերությունը երբեք իր առջև նման պայմաններ չի դրել:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին` ընդգծելով, որ բացասական վերաբերմունք ունի այդ օրենքի նկատմամբ: Նա փաստում է, որ 2004-2005 թվականներին կառավարությունը դեմ է եղել պատրադիր կուտակային համակարգին և որ դրա նախաձեռնողը Կենտրոնական բանկն է եղել, որի նախագահը, հիշեցնենք, այդ տարիներին Տիգրան Սարգսյանն էր:

Ուշագրավ է, որ Քոչարյանը ուղղակիորեն հակադարձում է նաև նախագահ Սերժ Սարգսյանին, ով, հիշեցնենք, անցած դեկտեմբերին դրական էր արտահայտվել օրենքի մասին` ասելով, թե այն կօգնի փոխել թոշակառուների սոցիալական վիճակը: Սերժ Սարգսյանը նաև ներողություն էր խնդրել թոշակառուներից ցածր կենսաթոշակի համար և հանդիմանել էր նախորդ իշխանությանը:

Քոչարյանն իր հարցազրույցում հակադարձում է. - «Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը և հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը: Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են և, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում»:


Քաղաքական գործիչների արձագանքները

Իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցին, բավական խիստ գնահատականներ է հնչեցրել` ասելով, թե «Քոչարյանի հարցազրույցներից տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծության հետ»:

«Ափսոսանքով պետք է նշեմ, որ երկրորդ նախագահի վերլուծություն-հարցազրույցների մեջ առկա են անընդունելի, որոշ դեպքերում վիրավորական արտահայտություններ: Այդ հարցազրույցները ժամանակավրեպ էին, իսկ դրանցում ապագային միտված որևէ լուծում կամ ճանապարհ չկար, ինչը ավելի շատ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծություն է հիշեցնում», - հավելել է ԱԺ փոխնախագահը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հրաժարվել է արձագանքել իր հասցեին հնչեցված գնահատականներին:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) իր ֆեյսբուքյան էջում հեգնել է` առաջարկելով Ռոբերտ Քոչարյանին պարզապես անժամկետ նստացույց սկսել Հյուսիսային պողոտայում` «իր հավատարիմ բանկիր Տիգրան Սարգսյանի հրաժարակի պահանջով, որի հետ միասին վաճառեցին Հայաստանի ոսկու պաշարները»:

Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր` Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») այսօր տարածած հայտարարության մեջ նշում է, թե Քոչարյանը իր հարցազրույցով «ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը»:

Միևնույն ժամանակ Հակոբյանն ընդգծում է, թե ստեղծված վիճակի հիմնական մեղավորին պետք չէ փնտրել կառավարության մեջ. - «Կառավարությունը կարևոր պատասխանատուներից է, բայց ոչ հիմնական: Խնդիրը ձևավորված համակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է նախագահը»:

«Ազատության» հարցին, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը քննադատության թիրախ ընտրել վարչապետին, իսկ նախագահին ուղղված որևէ խոսք չի հնչեցնում, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն պատասխանեց, թե, իր կարծիքով, այդպիսով փորձ է արվում շեղել մարդկանց ուշադրությունը սոցիալական խնդիրներից:

«Ուշադրություն շեղելու լավագույն ձևերից մեկն է: Որովհետև ի վերջո համակարգը նույնն է. 2002-2003 թվականներից մինչև հիմա ոչինչ չի փոխվել», - ասաց Խաչատրյանը` տարօրինակ համարելով ոչ թե այն, որ Քոչարյանը կրկնում է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի տեսակետը, այլ այն, որ «այս իշխանությունը դեռևս փորձում է գոյատևել»:
XS
SM
MD
LG