Մատչելիության հղումներ

Արա Գյուլերի աշխատանքները ներկայացվում են Վաշինգտոնում


Արա Գյուլերը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հունիս, 2013թ․

Արա Գյուլերը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հունիս, 2013թ․

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվում է Թուրքիայում հայտնի հայազգի լուսանկարիչ 85-ամյա Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Ուշադրության կենտրոնում՝ Արա Գյուլերի Անատոլիան» խորագրով: Այդ մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:

«Արա Գյուլերին «Ստամբուլի աչք» են կոչում: Նա հայտնի է Ստամբուլի իր պատկերներով, ինչպես նաև շատ աշխարհահռչակ մարդկանց՝ Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Վիլյամ Սարոյանի, Ուինսթոն Չերչիլի և շատ այլ ճանաչված մարդկանց լուսանկարներով: Ֆոտոլրագրողի կարծիքով՝ իր իրական ներդրումը մարդկության պատմության մեջ կազմում են Անատոլիայում հնագիտական և պատմական վայրերի լուսանկարները», - նշված է թանգարանի կայքի՝ ցուցահանդեսը ներկայացնող էջում:

Ցուցահանդեսում ներկայացված են հայկական և սելջուկյան շինությունների լուսանկարները, որոնք Գյուլերը հեղինակել է դեռ 1960-ական թվականներին:

«Ցուցահանդեսը այսպիսով ամերիկյան լսարանին ներկայացնում է Անատոլիայի կարևոր նշանակություն ունեցող շինությունների պատկերները՝ շեշտելով ինչպես տարածաշրջանի մշակութային հարուստ պատմությունը, այնպես էլ Գյուլերի աշխատանքների կարևորագույն մասը կազմող լուսանկարները», - ասված է թանգարանի կայքում:

Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսին անդրադարձել է նաև ամերիկյան հեղինակավոր Washington Post պարբերականը: Ցուցահանդեսին նվիրված հոդվածում նշված է, որ թանգարանում ներկայացված հայկական շինությունները հատկապես կարևոր են Գյուլերի համար, քանի որ նա պատկանում է Ստամբուլի հայկական համայնքին:

«Գյուլերի լուսանկարները ներկայացնելով որպես արվեստ՝ դրանք հեռացվում են իրենց մշակութային և պատմության համատեքստից: Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու լուսանկարի վրա, օրինակ, պատկերված է գետի խորը մի ձոր, որը նեղ գծով անցնում է եկեղեցու անմիջապես ետևում գտնվող երկու բլուրի միջև: Ինչը չի ասված՝ դա այն է, որ այս գետը կազմում է Հայաստանի և Թուրքիայի միջև ընկած սահմանը, որի որոշ հատվածներ ականապատված են, և որը փակ է 1993 թվականից՝ երկու պետությունների միջև երկարատև քաղաքական լարվածության պատճառով», - գրում է Washington Post-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG