Մատչելիության հղումներ

Բուդաղյանների փաստաբան. Դատարանը նվաստացուցիչ պայմանների մեջ է հայտնվել


Գնդապետ Արտակ Բուդաղյանը և նրա փաստաբան Հայկ Ալումյանը Գորիսում, արխիվ

Գնդապետ Արտակ Բուդաղյանը և նրա փաստաբան Հայկ Ալումյանը Գորիսում, արխիվ

Չնայած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դեռ սեպտեմբերին բողոքարկեց նախաքննություն իրականացնող մարմնի որոշումը՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց կալանքից ազատ արձակելու մասին, սակայն Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մինչ օրս դատարանին չի ներկայացրել ինը հատորանոց քրեական գործի գոնե մեկ հատորն ամբողջությամբ, որպեսզի դատարանը որոշում կայացնի հիմնավորվա՞ծ է եղել քննիչ Ալեքսան Ղազարյանի որոշումը, թե՝ ոչ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց փաստաբան Ալումյանը:

Սյունիքի նախկին մարզպետի՝ Գորիսում գտնվող առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը ցնցեց հանրությանը: Անցած տարվա հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով հայկական Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց:

Վիրավորվեց նաև Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի նախկին մարզպետի ազգականն է ու թիկնապահը: Տեղի ունեցածի կապակցությամբ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը, որոնց մեղադրանք առաջադրվեց սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:

Եվ ահա, ողբերգությունից մոտ երեք ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը էլեկտրոնային փոստի միջոցով հայտնեց, որ քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը՝ ՊՆ քննչական ծառայությունը, իսկ ավելի կոնկրետ՝ քննիչ Ալեքսան Ղազարյանը որոշել է, որ «Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին», և նշվածը հիմք ընդունելով՝ վերացվում է Նիկողոսյանի և Խաչատրյանի կալանքը, ինչպես նաև նրանց նկատմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը։

«Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը քննում է իմ բողոքները՝ կապված այդ քրեական գործի հետ։ Եվ այսօր քննիչը դատարանին չի ներկայացնում ինը հատորից բաղկացած քրեական գործից գոնե մի հատոր։ Ինչքան նվաստացուցիչ պայմանների մեջ է դրվել անգամ դատարանը, որ քննիչն է որոշում, թե դատարանը ինչ նյութերի հիման վրա պիտի որոշի՝ արդյոք ես եմ ճիշտ՝ որպես բողոք ներկայացնող, թե քննիչը՝ որպես սուբյեկտ, ով այդ որոշումները կայացրել է»,- ասաց Հայկ Ալումյանը։

«Այս գործը փայլուն կերպով ցույց է տալիս, թե այսօր ինչ վիճակում են գտնվում մեր դատարանները ու արդարադատության համակարգը»,- շարունակեց Ալումյանը.- «Ես հեռու եմ այն մտքից, որ քննիչն է թելադրում դատարանին։ Ես այն կարծիքին եմ, որ և քննիչին, և դատարանին թելադրում են մի կոնկրետ կենտրոնից։ Եվ այդ թելադրանքը այն աստիճանի է, որ և դատարանը, և քննիչը, և դատախազությունը ոչինչ չեն կարող անել»։

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունն անմիջապես իր անձնական վերահսկողության ներքո վերցրեց այդ ժամանակ զինդատախազ հանդիսացող Գևորգ Կոստանյանը: Եվ գործի առնչությամբ նախաքննական մարմնի մոտ, այսպես ասենք, դիրքորոշման ձևավորումից հետո Կոստանյանը Հայաստանի նախագահի կողմից նշանակվեց գլխավոր դատախազ:

«Նյութերը չներկայացնելու նպատակն այն է, որ նախ հնարավորություն չտալ, որ մենք դատարանում պատշաճ ձևով հիմնավորենք այն, ինչ մենք ներկայացրել են։ Մենք գտնում ենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նպատակը գործը կոծկելն է առաջին հերթին մեզանից, երկրորդ հերթին՝ դատարանից, և երրորդ հերթին՝ հանրությունից»,- կարծիք հայտնեց Բուդաղյանների փաստաբանը։

Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ նաև ՊՆ քննչական ծառայությունից, սակայն դա մեզ չհաջողվեց։ Անցած աշնանը դատական նիստերի ընթացքում քննիչ Ալեքսան Ղազարյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ ինքը մտադիր է դատաքննության ընթացքում ներկայացնել, որ իր որոշումները Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի վերաբերյալ հիմնավորված են:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG