Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկայացրել է շինարարական «փուչիկի» մասին խոստացված վերլուծությունը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, վարչապետ Տիգրան Սարգսյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, վարչապետ Տիգրան Սարգսյան

Տիգրան Սարգսյանը իր և երկրորդ նախագահի միջև հեռակա բանավեճի առիթ դարձած թեմայի մասին առանձին վերլուծությամբ է հանդես եկել։

Շինարարության ոլորտի փուչիկը հայկական ֆենոմեն չէ, հայտարարում է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով խոստացված առանձին վերլուծությունը իր և Հայաստանի երկրորդ նախագահի միջև հեռակա բանավեճի առիթ դարձած թեմայի մասին։

Անցած տարեվերջին տված մամլո ասուլիսին Տիգրան Սարգսյանը նկատել էր, որ մինչև ճգնաժամը տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը լինելով, հենց շինարարության ոլորտն էլ ավելի ուշ նկատելի անկում էր արձանագրել և հանդիսացել ճգնաժամի էական պատճառներից մեկը:

«Շինարարության փուչիկը, որ փչվեց և պայթեց, առաջացրեց բացասական երևույթ»,- ասել էր վարչապետը՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը:

Այս հայտարարությանը հետևել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խիստ արձագանքը։ Քոչարյանը, իր ոչ պաշտոնական կայքէջում հրապարակված հարցազրույցում անդրադառնալով այդ հարցին, ներկայացրել էր շինարարության անկման առնչությամբ իր բացատրությունները և ասել.- «Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»։

Վարչապետը երկրորդ նախագահին պատասխանել էր «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրված գրառմամբ, որում խոստացել էր առանձին վերլուծությամբ անդրադառնալ Քոչարյանի մասնագիտական գնահատականներին՝ այդ թվում հիփոթեքի ծավալներին և շինարարության ոլորտին։

Վերլուծությունը, որը այսօր տարածել է վարչապետի խոսնակը, հագեցած է աղյուսակներով և տարբեր ուսումնասիրություններին հղումներով։

«Հասկանալի է, որ շատերի համար անցյալի՝ այսօրվա իրականության հետ համադրված, վերլուծությունները անցանկալի են և տհաճ: Այսօր մենք իրավունք չունենք չխոսել այս ամենի մասին, քանի որ հենց անցյալից դասեր քաղելն է այն գրավականը, որ ապագայում սխալվելու հավանականությունը բեկվելու է: Պետք է նայել առաջ, աշխատելով միասին գտնել մեր երկրի, տնտեսության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղիները»,- նկատում է Տիգրան Սարգսյանը։

Հայաստանի վարչապետը իր մասնագիտական վերլուծությունում ասում է՝ ճգնաժամը ակնհայտ դարձրեց, որ թույլ դիվերսիֆիկացված տնտեսության կառուցվածքը շատ խոցելի է, և նկատում՝ 2004-2008 թթ. բարձր տնտեսական աճի, ինչպես նաև 2009 թ. խորն անկման առյուծի բաժինը շինարարության ճյուղինն էր:

«Հայաստանում շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցցուն դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլացիոն աճն և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկնման (51.9%), ինչն իր հերթին բերեց 18.5 % տնտեսական անկնման (շինարարության մասնաբաժինը անկման մեջ կազմեց 14.1 %)»,- գրում է վարչապետը (նկատենք, սակայն, որ պաշտոնական տվյալներով 2009-ին Հայաստանի տնտեսական անկումը կազմել էր 14.1 տոկոս)։

«Այդ պատճառով մենք ձեռնամուխ եղանք դիվերսիֆիկացման քաղաքականությանը, որն արդեն իսկ արդյունքներ է տալիս: Իսկ ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա դրա անխուսափելի անկումը կարգաբերելու համար իրականացրեցինք Գյումրիում սոցիալական մեծամաշտաբ շինարարություն, վերջին 5 տարիների ընթացքում միջին տարեկան կտրվածքով 2007 թվականին նախորդող 10 տարվա համեմատ շուրջ 2 անգամ ավելի ներդրումներ կատարեցիք ճանապարհաշինության բնագավառում, հիպոթեկային վարկերի հասանելիության համար ստեղծվեցին համապատասխան ենթակառուցվածքներ, որոնց միջոցով իրականացվեց մի շարք ծրագրեր (ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մեկնարկեց և հաջողությամբ իրականացվում է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը):

Արդյունքում՝ ՀՀ-ում վերջին 5-6 տարիների հիփոթեքային վարկերի ծավալի դինամիկ աճը ուղեկցվել է նաև տոկոսադրույքների նվազմամբ և ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տեսակարար կշռի աճով: Բավարար է ներկայացնել մի քանի վիճակագրական տվյալներ՝ 2013 թվականի նոյեմբերի դրությամբ հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է շուրջ 141 մլրդ դրամ, ինչը շուրջ 3 անգամ գերազանցում է 2007 թվականի նույն ցուցանիշը՝ 49 մլրդ:

2013 թվականին հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը միջինում թե՛ դրամային, թե՛ դոլարային վարկերի համար նվազել է մինչև 12%, իսկ 2008 թվականին դրամայինը՝ շուրջ 15%, դոլարայինը՝ շուրջ 17%:

2013 թվականին հիփոթեքային վարկերի 72 % եղել է 5 տարուց ավելի ժամկետայնությամբ, իսկ 2007 թվականի նույն ցուցանիշը կազմել է ընդամենը 34 %:

2013 թվականին հիփոթեքային վարկերը ՀՀ տարածքում բաշխված են եղել հետևյալ համամասնությամբ՝ 74% Երևան, 26% ՀՀ մարզեր, մինչդեռ 2007 թվականին համապատասխանաբար՝ 88% և 12 %, իսկ 2005 թվականին համապատասխանաբար՝ 96% և 4%»,- ասված է Տիգրան Սարգսյանի վերլուծությունում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG