Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը այցելեց Կուբա


Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Ուրբաթ՝ հունվարի 10-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Կուբա, փոխանցում է արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը։

Մայրաքաղաք Հավանայում Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը, ով նշել է, որ Կուբայում ամենայն ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և վստահություն հայտնել, որ առավել քան տաս տարվա ընդմիջումից հետո առաջին բարձրաստիճան այցելությունը նոր թափ կհաղորդի ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը։

Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ իր այցելությունը միտված է ամրապնդելու Կուբայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ։

Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը ընդգծել է, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և հնարավոր այլ ուղղություններով։

Նույն օրը տեղի է ունեցել Նալբանդյանի հանդիպումը իր կուբացի գործընկեր Բրունո Ռոդրիգես Պարիյայի հետ։ Վերջինս խնդրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հանդիպման ընթացքում նախարարները վերահաստատել են իրենց երկրների շահագրգռվածությունը գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների ամրապնդման, խորացման և ընդլայնման նպատակով։

Տուրիզմի խթանման նպատակով զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանի քաղաքացիների համար Կուբա մուտքի դյուրացումը։ Նալբանդյանը իր Կուբացի գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Կուբայի խորհրդարանի փոխնախագահ Աննա Մարիա Մարի Մաչադոյի հետ։ Մաչադոն նշել է, որ Կուբայի օրենսդիր մարմինը ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում։

Իսկ Կուբայի արտաքին առևտրի և ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկա Դիազը Հայաստանին հրավիրել է մասնակցելու այս տարվա աշնանը կայանալիք Հավանայի ամենամյա միջազգային ցուցահանդեսին՝ պատրաստակամություն հայտնելով անվարձահատույց տարածք տրամադրել հայկական տաղավարի համար։

Հավանայում Էդվարդ Նալբանդյանը այցելել է Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի գիտահետազոտական կենտրոն, ուր հանդիպում է ունեցել կենտրոնի ղեկավարության և գիտաշխատողների հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին են ներկայացրել իրենց հետազոտությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

Զրույցի ընթացքում արծարծվել են Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի կենտրոնի և Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի համապատասխան կառույցների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG