Մատչելիության հղումներ

logo-print

Սկսվեց Ֆելիքս Գևորգյանի գործով բողոքի քննությունը


Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր սկսեց ընդդիմադիր ակտիվիստ, «Մարտի 1»-ի դեպքերից հետո դատապարտված, ապա ազատ արձակված Ֆելիքս Գևորգյանի բողոքի քննությունը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ֆելիքս Գևորգյանը դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել ոստիկաններին իրեն ոստիկանության Մաշտոցի բաժնում խոշտանգելու՝ շիկացած երկաթով սրունքն այրելու համար:

4 անչափահաս երեխայի հայր, 35-ամյա ընդդիմադիր ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանը պատմում է, որ 2011 թվականի սեպտեմբերին իրեն բերման էին ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժնի ավելի քան 10 աշխատակիցներ քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ: Ակտիվիստի խոսքով, ոստիկանները ստիպել են, որ իր վրա վերցնի 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանություններից մեկը: Գևորգյանը հրաժարվել է: Նա պատմում է, որ ոստիկանության բաժին բերման ենթարկելիս, ինչպես նաև բաժնում գործադրել են ճնշումներ և խոշտանգումներ` շիկացած երկաթով այրել են ոտքը:

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Արման Գասպարյանը 3 ամիս առաջ որոշել է կարճել Ֆելիքս Գևորգյանից ցուցմունքներ կորզելու նպատակով բռնություններ գործադրելու վերաբերյալ քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ:

Ֆելիքս Գևորգյանն այս որոշումը բողոքարկել է վերադաս մարմնին: Գլխավոր դատախազության ավագ դատախազ Հ․ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերին մերժել է Գևորգյանի բողոքը` պատճառաբանելով, թե բացի Ֆելիքս Գևորգյանի ցուցմունքներից, «այլ ապացույցներ չկան» այն մասին, որ ոստիկանները բռնություն են գործադրել Գևորգյանի նկատմամբ:

Ֆելիքս Գևորգյանը, որպես իրեն խոշտանգելու ամենավառ ապացույց ներկայացնում է ոտքի սպին: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, փորձաքննության պահին դատաբժիշկն արձանագրել է սպին՝ աջ սրունքի շրջանում:

Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն այսօր դատարանում հայտարարեց, թե Հատուկ քննչական ծառայությունը բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չի իրականացրել, իսկ խոշտանգումներ իրականացրած տվել են սուտ ցուցմունքներ:

Ուշագրավ է, որ այսօր դատարանը Գևորգյանի բողոքը լսեց Հատուկ քննչական ծառայության և դատախազության ներկայացուցիչների բացակայությամբ: Բողոքի քննությունը տևական ժամանակ է՝ ձգձգվում էր: Այդ պատճառով Գևորգյանի փաստաբանն ասաց, որ իմաստ չունի կրկին հետաձգել դատական նիստը, քանի որ քննիչն ու դատախազը միևնույն է՝ չեն ներկայանա դատարան:

Իսկ դատավոր Ավետիսյանն ասաց, որ գործի նյութերը նոր է ստացել, ուսումնասիրման համար ժամանակ է անհրաժեշտ: Հաջորդ նիստի օրը դատավորը չհրապարակեց, ասաց՝ կտեղեկացնի լրացուցիչ:

Այս ընթացքում մեկ այլ դատարանում շարունակվում, է Ֆելիքս Գևորգյանի դատավարությունը՝ գողությունների մեղադրանքով:

Առաջին ատյանն արդարացրել է Գևորգյանին, քանի որ, ըստ գործի նյութերի, մեղադրանքն առաջադրվել է խոշտանգումների, ճնշումների գնով: Վերաքննիչը, սակայն, բեկանել է դատավճիռը՝ նշելով, որ արդարացման հիմքերը պարզ չեն, և հիմա այս գործի քննությունը շարունակվում է:

Ֆելիքս Գևորգյանն իր նկատմամբ իրավապահների ուշադրությունը պատճառաբանում է իր քաղաքական ակտիվությամբ:

«Նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ եմ, միշտ մասնակցել եմ բոլոր միտինգներին: Իմ հետևից ընկած են ոստիկանները», - ասում է նա:

Ֆելիքս Գևորգյանը կալանավորվել էր 2008 թվականի հունիսին` մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ, և 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի զենք-զինամթերք հափշտակելու և պահելու մեղադրանքով: Ազատ էր արձակվել 2010-ին:

Ֆելիքս Գևորգյանի հայրը՝ Պետրոս Գևորգյանն այն ժամանակ ևս ղեկավարում էր Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի նախընտրական շտաբը: Ֆելիքս Գևորգյանի ընտանիքը վճռական է տրամադրված և պնդում է, որ եթե Հայաստանում արդարադատություն չհաստատվի, դիմելու են Եվրոպական դատարան:
XS
SM
MD
LG