Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակայինի ընդդիմախոսները շարունակում են պայքարը


Այսօր խորհրդարանական ընդդիմադիր չորս խմբակցությունների ներկայացուցիչներն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները հանդիպեցին` քննարկելու իրենց հետագա քայլերը:

Հանդիպման մասնակիցները խոստանում են շարունակել բողոքի ակցիաները, նաև արդեն գործող օրենքին այլընտրանք հանդիսացող նոր օրենքի նախագիծ մշակել: Հիմնական նպատակը, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, պարտադիր բաղադրիչի բացառումն է:

«Պարտադրել հանրությանը մեկ տարբերակ, ինչպես որ արեց կառավարությունը, սա մեզ համար ընդունելի տարբերակ չէ, որովհետև բոլոր կողմերը պետք է ուսումնասիրվեն, վերլուծվեն և դրանից բխող նոր առաջարկներ արվեն», - նշեց նա, - «Այս պահին բոլորի միանշանակ տեսակետը հետևյալն է, որ պարտադիր բաղադրիչը այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացվում է, ընդունելի չէ և ավելի լավ է խրախուսել կամավոր համակարգ: Մնացած մանրամասնությունները պարզ կլինեն այն ժամանակ, երբ մենք կունենանք այլընտրանքային տարբերակներ»:

Օրենքի ընդդիմախոսները պնդում են, որ այն հակասահմանադրական է և հուսով են, որ իրենց պայքարը արդյունավետ կլինի:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան միջնորդություն է ներկայացվել օրենքի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ: ՍԴ-ն իր որոշումը կհրապարակի մինչև հունվարի 25-ը: Եթե դատական այս ատյանը չբավարարի նրանց պահանջը, քաղաքացիական ակտիվիստները սպառնում են դիմել քաղաքացիական անհնազանդության` գործադուլների, փողոցներ փակելու և պայքարի այլ ձևերի:
XS
SM
MD
LG