Մատչելիության հղումներ

Տնտեսագիտականում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հանգամանքը «չի հիմնավորվել»


Բազմաթիվ տեսագրությունների առկայության պարագայում ոստիկանությունը որոշել է ընթացք չտալ Երևանի քաղաքապետի թեկնածուական թեզի պաշտպանության օրը Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպից տուժած լրագրողների հաղորդմանը։

Լրագրողները պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել բուհի միջանցքները հսկող, լրագրողներին քաշքշող և նրանց հասցեին հայհոյանք, անվայել արտահայտություններ հնչեցնող երիտասարդների գործողություններին։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հանգամանքը չի հիմնավորվել։

«Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա` պաշտպանելով մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը երբևէ կաշկանդված չի եղել հակաիրավական արարք կատարած այս կամ այն անձին իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցում և իրականացրել է միմիայն արդարացի քննություն»,- հայտարարում է ոստիկանությունը։

Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտողների՝ սոցցանցերում զետեղված նկարներում Հանրապետականի կրծքանշանով պատկերված Սևակ Խաչատրյանի, Սերգո Խառատյանի, Գրիշա Ամիրխանյանի և «կիլդիմ չբռնելու» հորդորներ ստացած Սարգիս Մուրադյանի՝ Սաքուլիկի ով լինելը հենց դեպքի երեկոյան էր պարզ։ Նրանք տնտեսագիտական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողական խորհուրդների նախագահներ են։

Լրագրողների մուտքը խոչընդոտած ուսանողական խորհրդի անդամների հրահանգներին ենթարկված երկու ոստիկաններին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատողություն է հայտարարել։

Դեպքի օրը Տնտեսագիտական համալսարանում աշխատած «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանն ասում է՝ ոստիկանները պիտի առնվազն բերման ենթարկեին լրագրողների մուտքը խոչընդոտող երիտասարդներին, ապա ձերբակալեին և կալանավորեին։

«Ոստիկանությունը դա չարեց, ոչ միայն չարեց, այլ նաև դարձավ այդ բանդայի, այդ խուլիգանների խմբակի մի մասը»,- ասաց լրագրողը։

Բուհի ռեկտոր, Տարոն Մարգարյանի թեզի գիտական ղեկավար Կորյուն Աթոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ուսխորհրդի ղեկավարներն անգամ նկատողության չեն արժանացել։ Ռեկտորը համալսարանի ուսանողների հետ (նրանց թվում նաև միջադեպի մասնակիցներն են եղել) դեպքի հաջորդ օրը նույնիսկ մեծ խնջույքի է մասնակցել։

«Որպեսզի դու կարողանաս կոնկրետ անձի պատժես, դու պետք է տիրապետես, թե ինչ է եղել, որ մարդուն նկատողություն հայտնես։ Ես կանչել եմ բոլորին, զգուշացրել եմ, որ անկախ նրանից, թե ինչ էր տեղի ունենում, իրենք իրավունք չունեին...»,- ասաց ռեկտորը։

Անդրադառնալով այդ երիտասարդների հետ խնջույքի մասնակցելու փաստին՝ Աթոյանն ասաց՝ ինչ է ինքը բուհի ուսանողների հետ պիտի քեֆի չգնա՞ր.- «Եթե ես ուսանողների հետ լուրջ չխոսեի, իրենք ներողություն չէին խնդրի»,- պնդեց նա։

Դեպքի հաջորդ օրը Տնտեսագիտականի ուսխորհուրդը հայտարարություն էր տարածել, որտեղ ցավ էր հայտնվում, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանը և «որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքներին, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ»։

Ոստիկանությունից բացի, անցած տարվա դեկտեմբերի 30-ին լրագրողների անունից փաստաբան Տիգրան Սաֆարյանը Տնտեսագիտականում տեղի ունեցած դեպքի մեղավորներին պատժելու համար նաև Հատուկ քննչական ծառայություն է դիմել։

«Մեր հաղորդման մեջ մենք նշել ենք, որ բացի այդ երիտասարդների ամբոխից, լրագրողների գործունեությանը խոչընդոտել են և այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկանները, և բուհի ռեկտորը։ Տեսանյութերից ակնհայտ էր, որ նրանց ներկայությամբ էր այդ ամբոխը իր գործողությունները կատարում։ Լինելով պետության ներկայացուցիչներ՝ նրանք որևէ քայլ չձեռնարկեցին։ Դիմել ենք, դեռ որևէ նորություն չկա, ես ինձ հույս եմ տալիս, մտածում եմ՝ երևի դա կապված էր այս տոների հետ»,- ասաց փաստաբանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG