Մատչելիության հղումներ

«Հայաստանում իրավական մեխանիզմներ չեն գործում, օրենք չի գործում, պաշտոնատար անձինք առաջնորդվում են հաշվեհարդարի տրամաբանությամբ, պատժի քաղաքականությամբ», - ասում է իրավապաշտպանը։

«Ազատություն» ռադիոկայանի զրուցակից իրավապաշտպաններն ահազանգում են, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ իրականացվում է «հաշվեհարդար», և նրա կյանքը վտանգված է։

17 օր հացադուլի մեջ գտնվող Հարությունյանի առողջական վիճակը հինգշաբթի օրը վատացել է, նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։ Թեև Հարությունյանը, նույն գործով կալանավորված Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը հացադուլի միջոցով պահանջում են վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելքը, սակայն քննչական մարմինն առայժմ չի արձագանքում այդ պահանջին:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համոզմամբ՝ սա արդեն խոշտանգում է։

«Սա կարելի է արդեն գնահատել որպես կտտանք Շանթի և Շանթի ընկերների նկատմամբ, հատկապես Շանթի նկատմամբ: Նրանք փայլուն գիտեն, որ Շանթը շարունակելու է իր հացադուլը։ Սա ծրագրված գործողություն է, անբացատրելի, տրամաբանությունից դուրս: Շանթենց ձերբակալման պահից սկսած հստակ երևում է՝ ընդգծված ծրագիր, որի նպատակն է հասցնել մարդկանց հուսահատության, դրդել ծայրահեղ քայլերի՝ այն, ինչ որ հիմա անում են հացադուլավորները», - ասաց իրավապաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ հարազատների հետ նրանց տեսակցություններն արգելելը որևէ իմաստ, չունի. - «Չկա նման դրդապատճառ. եթե դուք զրուցեք քննիչի կամ վարույթն իրականացնող մարմնի ղեկավարների հետ, նրանցից որևէ մեկը չի կարողանա որևէ նորմալ, հասկանալի, տրամաբանական բացատրություն տալ: Նրանք ընդամենը կրկնելու են, որ տեսակցությունները խոչընդոտելու են քրեական գործի ընթացքին, ինչը ծիծաղելի է, դրանք խոչընդոտել չեն կարող»։

«Ես վստահ եմ, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, - «Ես սա կապում եմ այն բանի հետ, որ Շանթին մեկուսարանում ձերբակալման օրը բռնության ենթարկած ոստիկանապետը շարունակում է հաշվեհարդարի տրամաբանությունը, թեկուզ նաև այն բանի համար, որ հայտնի դարձավ, որ մեկուսարանում բարձրաստիճան ոստիկանների կողմից Շանթը ենթարկվել էր բռնությունների»:

«Մենք հիմա տեսնում ենք, որ նույն հաշվեհարդարը շարունակվում է ընտանիքի նկատմամբ, հետապնդվում է նրա անչափահաս որդին, որին, ի դեպ, ևս բռնության էին ենթարկել նույն օրը՝ նոյեմբերի 5-ի գիշերը: Հայաստանում իրավական մեխանիզմներ չեն գործում, օրենք չի գործում, և հայտնի է, որ պաշտոնատար անձինք առաջնորդվում են հաշվեհարդարի տրամաբանությամբ, պատժի քաղաքականությամբ», - շարունակեց Ալեքսանյանը։

Այսօր Շանթ Հարությունյանի համախոհները բողոքի երթ են նախաձեռնել ի պաշտպանություն նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով ձերբակալվածների:
XS
SM
MD
LG