Մատչելիության հղումներ

Այսօր Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան


Այսօր հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

Նրա թողած ստեղծագործական ժառանգությունը, առաջին հերթին իրեն համաշխարհային հռչակ բերած կինոնկարները` «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը» և այլն , ինչպես նաև կոլաժները պարզապես ապշեցնում են իրենց գեղեցկությամբ ու խորքային ներթափանցումներով:

Փարաջանովի ծննդյան օրը ավանդաբար նրա տուն-թանգարանում, Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմի մոտ հավաքվում են նրա արվեստակից ընկերները, նրա արվեստի երկպագուները:

«Փարաջանովը մեր հայ հանճարների շարքը լրացրեց: Այդ մարդկանց ներկայությունը շատ կարևոր է մեր կյանքում, որովհետև նրանք շատերի համար փարոս են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

«Մենք մի ժամանակ ենք ապրում, որ չափանիշները շատ խախտված են: Փարաջանովը և այդ կարգի մարդիկ… մեր բախտը բերեց, որ մենք նրանց հետ ապրեցինք, նրանց հետ շփվեցինք, նրանց դաստիարակությունը ստացանք: Այն ժամանակ քաղաքի հոգևոր կլիման այդ մեծ մարդիկ էին ստեղծում: Եվ երկրի ղեկավարությունը շատ լավ գիտեր, որ մեր հոգևոր առաջնորդները նրանք են` Քոչարը, Փարաջանովը, բոլորին չթվեմ, և դրա հետ հաշտվում էին», - ասաց ճարտարապետ, Ժամանակակից արվեստի թանգարանի և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը` նշելով, որ Փարաջանովի պես մարդիկ հոգևոր կլիմա էին ստեղծում. - «Երբ Հրաչյա Ներսիսյանը բեմ էր դուրս գալիս, բեմում բոլոր դերասանները հանճարեղ էին դառնում: Փարաջանովը մեզ համար այդ մարդկանցից էր»:

Փարաջանովի ծննդյան 90-ամյա հոբելյանին է նվիրված այս տարվա Ծիրան» միջազգային կինոփառատոնը:

«Հետաքրքիր ծրագրեր են մտածված, որպեսզի հրավիրենք այն մարդկանց, ովքեր սիրում են փարաջանովյան կինոն, սիրում են նրա կինոլեզուն: Անում ենք չորս ծրագիր`իր ֆիլմերի ծրագիրը, ֆիլմեր իր մասին, իր սիրած ռեժիսորների ծրագիրը, կոչվում է «Փարաջանովի ցուցակը»` Պազոլինի, Տարկովսկի և այլ ռեժիսորների, որոնց ինքը պաշտում էր, և իր կուրսեցիների ֆիլմերը: Բացում և փակումը կլինի Փարաջանովին նվիրված: Եվ հյուրեր կլինեն`Փարաջանովի ընկերները, բարեկամները, նրա դերասանները», - «Ազատության» հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG