Մատչելիության հղումներ

Այսօր Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների հանձնաժողովը կողմ քվեարկեց Էդվարդ Սնոուդենին Եվրոպական խորհրդարանի առջև վկայության հնարավորություն տալու առաջարկին:

Հատուկ լսումների ժամանակ ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցին խոսք տրամադրելուն կողմ են քվեարկել հանձնաժողովի 36 և դեմ` 2 պատգամավորներ:

Լսումները կարող են տեղի ունենալ ապրիլին, եթե Եվրախորհրդարանի լիագումար նիստը նույնպես կողմ քվեարկի հանձնաժողովի առաջարկին:

Խորհրդարանականներից ոմանք այս առաջարկը դիտարկում են ռիսկային, քանի որ այն կարող է վնասել ԵՄ-ԱՄՆ հարաբերություններին: ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը Ռուսաստանից իր վկայությամբ հանդես կգա վիդեոկապի միջոցով:

Էդվարդ Սնոուդենը լքել է Միացյալ Նահանգները հատուկ ծառայությունների գործունեության սկանդալային բացահայտումներից առաջ: Այժմ նա Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել: Միացյալ Նահանգները փորձում են վերադարձնել Սնոուդենին երկիր ` մեղադրելով նրան լրտեսության մեջ: Համաձայն Սնոուդենի բացահայտումների` ԵՄ մի շարք առաջնորդների հեռախոսային խոսակցություններ նույնպես գաղտնալսվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից, ինչպես, օրինակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելինը: Պաշտոնական Վաշինգթոնը իր հերթին հայտարարում է, որ «չի գաղտնալսում և չի գաղտնալսելու» Մերկելի հեռախոսային խոսակցությունները:


Էլինա Չիլինգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG