Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն այսօր Կենտրոնական զինվորական հավաքակայանում հետևել է զորակոչի ընթացքին:

Ժամանելով Կենտրոնական զինվորական հավաքակայան` Սեյրան Օհանյանը նախ հանդիպում է նորակոչիկներին, հետո զրուցում նրանց ծնողների հետ։ Նրանցից բողոքներ չի լսում, թեև` ասում է, նախարարությունում զորակոչի ընթացքի վերաբերյալ բողոքներ ստացվել են:

«Դիմում-բողոքներ եղել են, բոլորի ուղղությամբ էլ մենք համապատասխան որոշումներ ընդունել ենք», - լրագրողների հետ զրույցում մանրամասնում է նախարարը:

Բողոքների մի մասը վերաբերում է զորակոչի նոր կարգին՝ ավելի ճիշտ վիճակահանությանը։ Այս զորակոչին առաջին անգամ կիրառվող վիճակահանությունը կատարվում է այսպես՝ բուժզննությունը անցնելուց հետո զինծառայողը ստանում է կարգ, որոնք երեքն են՝ Ա, Ը և Մ։ Դրանից հետո զինծառայողները իրենց կարգին համապատասխան վիճակահանության արկղից հանում են զորամասի համարը, որտեղ էլ մեկնում են ծառայության։ Ա կարգից օգտվում են արտոնություն ունեցող զինծառայողները՝ օրինակ նրանք, ովքեր երկկողմանի ծնողազուրկ են: Նրանց արկղում ընդգրկված զորամասերը բնակության վայրին մոտ են։ Մ կարգում են դասվում մասնագետները՝ օրինակ վարորդները, իսկ Ը կարգում են ընդգրկվում մնացած բոլոր զինծառայողները։ Վիճակահանության ընթացքին հետևող փոխգնդապետ Յուրի Դարբինյանի խոսքով ամեն ինչ թափանցիկ է կատարվում, ողջ գործընթացը նկարահանվում է:

Վիճակահանության ընթացքին հետևում են նաև նորակոչիկների ծնողները, թեև վերջնականապես համոզված չեն արդարացիությանը, ամեն դեպքում նոր համակարգը նրանց դուր է գալիս։

«Ազատության» այն հարցին, թե զորակոչի նոր համակարգի հետ կապված կոռուպցիոն դեպքեր եղե՞լ են, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այս հարցով լուրջ վերահսկողություն են իրականացնում։

«Կոռուպցիոն դեպքերը գրեթե բացառված են», - նշեց նախարարը, - «Զինված ուժերում, բժշկական հանձնաժողովների աշխատանքում, որտեղ ներառված են, բացի բժիշկներից, նաև վերահսկողական ծառայության, հակահետախուզության, իրավապահ մարմինների, նաև ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատողները, բացառված է»:

Մինչ վիճակահանությունը նորակոչիկները վերջին բուժզննությունն են անցնում։ Ընթացքին ծանոթանալու համար Սեյրան Օհանյանը այցելեց նաև այստեղ։

Նախորդ տարի նորակոչիկ զինվորի մահվանից հետո Սեյրան Օհանյանը հանձնարարել էր զինծառայողների բժշկական փաստաթղթերում մի նոր էջ ավելացնել՝ որտեղ կնշվի զինծառայողի ջերմաստիճանը։ Նախարարի այս հանձնարարականը, պարզվեց, որ չի կատարվել, զրույցը շարունակվեց լրագրողների բացակայությամբ։

Ի դեպ զորակոչի կեսից ավելին անցել է, այն կավարտվի հունվարի 30-ին։
XS
SM
MD
LG