Մատչելիության հղումներ

logo-print

Գլխավոր դատախազը Շանթ Հարությունյանի մասին


Կառավարության այս տարվա առաջին նիստին այսօր մասնակցում էր նաև հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Գործադիրի նիստերին Կոստանյանը հազվադեպ է ներկա լինում:

Կոստանյանից պարզաբանում խնդրեցինք նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավայրում գտնվող Շանթ Հարությունյանի վերաբերյալ: Հարությունյանի կինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ ամուսինը դեկտեմբերի 24-ից հացադուլի մեջ է, ընտանիքի անդամների հետ տեսակցություններն արգելված են և քննչական գործողություններ էլ կարծես չեն կատարվում:

«Ասելով չէ, նախաքննությունը շարունակվում է, և եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում համարում է ոչ իրավաչափ, անհիմն կամ անօրինական, կարող է բողոքարկել»,- արձագանքեց գլխավոր դատախազը։

Հերքո՞ւմ եք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է իր քաղաքական հայացքների պատճառով, հարցրեցինք գլխավոր դատախազին.- «Ես ընդամենը կարող եմ փաստել, որ ցանկացած անձ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը իր կատարած արարքի համար պատասխանատվություն է կրելու, եթե դատարանը վերջինիս մեղավոր ճանաչեց այդ արարքի կատարման համար»,- ասաց Կոստանյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կալանքի փոխարեն կարելի էր կիրառել այլ խափանման միջոց, ասենք, ստորագրություն չբացակայելու մասին: Իսկ եթե նույնիսկ նրանց կալանավորում են, ապա չպետք է նրանց զրկել տեսակցելու և հեռախոսային խոսակցությունների իրավունքից, որովհետև այդ իրավունքը սահմանափակման ենթակա չէ, եթե չի խոչընդոտում նախաքննության ընթացքին, ասում է իրավապաշտպանը:

«Անհասկանալի է, թե ինչպես պետք է խոչընդոտեին Շանթը և նրա ընկերները քրեական գործի ընթացքին, եթե այդ գործը հրապարակային է եղել՝ բոլորի աչքի առաջ։ Չգիտես ինչու որդեգրել են արհեստական «խիստ ձյաձյաների» տեսք։ Շատ ավելի լուրջ, ծանր հանցագործությունների դեպքում մարդիկ ունենում են տեսակցության, հեռախոսային խոսակցությունների իրավունք»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելը այս պարագայում կամայական մոտեցում է, կարելի է ասել՝ նաև ոչ իրավաչափ է։

Դատական համակարգին առնչվող մարդու իրավունքների պաշտպանի անցած տարեվերջին հրապարակված զեկույցում օմբուդսմենը նշել էր համակարգում առկա կոռուպցիոն երևույթների մասին, կասկածի տակ դրել Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը: Զեկույցի հրապարակումից հետո գլխավոր դատախազն առաջարկել էր օմբուդսմենին ներկայացնել առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Այսօր Գևորգ Կոստանյանը դարձյալ պնդեց, որ ցանկացած երևույթ պետք է հիմնավորվի փաստերով:

«Քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ և ոչ թե երևույթի կապակցությամբ։ Որևէ հայտարարություն չի եղել, որ տեղի է ունեցել կաշառքի կամ կոռուպցիոն այլ դրսևորման փաստ։ Փաստաբանը, ներկայացնելով իր դիրքորոշումը հարցի հետ կապված, ընդամենը նշում է հետևյալ՝ «քանի որ իմ կարծիքով՝ որոշումը ապօրինի է, հետևաբար քննիչը և դատախազը կամ կաշառք են վերցրել, կամ անգրագետ են, կամ վերևից հանձնարարական են տվել...», այսինքն այդ հանգամանքների հետ կապված որևէ փաստ այնուամենայնիվ չի ներկայացվել»,- ասաց գլխավոր դատախազը։

Կոստանյանի խոսքով, օմբուդսմենի զեկույցում ներկայացված հարցադրումների հետ կապված նյութեր են նախապատրաստվել նախաքննական տարբեր մարմիններում, կայացվել են որոշումներ, որոնց զգալի մասը նույնիսկ չի բողոքարկվել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ասացին, որ զեկույցում ներկայացվածին ավելացնելու ոչինչ չունեն:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ այս դեպքում անհրաժեշտ փաստերը պետք է հայթայթեն համապատասխան մարմինները։

«Ենթադրենք Amnesty International-ը տարածում է հայտարարություն հանցագործությունների մասին այս կամ այն երկրում։ Ի՞նչ է այդ երկրի իշխանությունները պետք է դիմեն այդ կազմակերպությանը և պահանջեն, որ փաստեր ներկայացնեն։ Գո՞ւցե քրեական գործեր հարուցեն այդ կազմակերպությունները, օմբուդսմենը, քննեն, հասցնեն ավարտին և մարդուն հանձնեն դատախազությանը»,- հեգնեց իրավապաշտպանը։
XS
SM
MD
LG