Մատչելիության հղումներ

logo-print

Ընտանիքը պահանջում է հայտնաբերել Հարությունյանի որդուն բռնության ենթարկած անձին


Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը

Ոստիկանությունն ուսումնասիրում է Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն բռնության ենթարկելու մասին հայտարարությունները, փոխանցում է ոստիկանության լրատվության բաժինը։

Կալանավորված Շանթ Հարությունյանի ընտանիքն ու համախոհները պահանջում են հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել դեկտեմբերի 30-ին քաղաքի կենտրոնում 14-ամյա Շահեն Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրած անձին:

Դեռևս անհայտ այդ անձը թռուցիկներ բաժանելու պահին հրել գցել է գետնին, տղայի և ներկաների պնդմամբ, թևերը ոլորելով պահանջել է ուտել գետնին ընկած թուղթը։ Եվ Շահեն Հարությունյանը, և ընկերները կասկածում են, որ այդ անձը քաղաքացիական հագուստով ոստիկան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Մետրոյի «Բարեկամություն» կայարանում։

Ինչպես տղան նշեց մեզ հետ զրույցում, այդ օրը ոստիկաններն ի սկզբանե փորձել են խոչընդոտել հունվարի 1-ի ակցիայի մասին իրազեկող թռուցիկները բաժանել, իրենք չեն ենթարկվել և մետրոյից դուրս գալու ժամանակ այս տղամարդն է մոտեցել։

«Ասաց՝ դուրս էկեք, ու ահավոր կոպիտ։ Ասացինք՝ ձեր փաստաթուղթը ցույց տվեք, որ ոստիկան եք, պատասխանեց՝ ես ոստիկան չեմ, քաղաքացի եմ։ Ու հենց դա ասելու վրա ոստիկաններին հրաման է տալիս, ասում է՝ սրանց դուրս հանեք ստեղից։ Հետո քաշքշուկ, ձեռքերս ոլորեց, գցեց գետին, ասաց՝ դե կեր գետին ընկած թուղթը։ Ընկերներս հազիվ բաժանեցին...»,- պատմեց պատանին։

Շահեն Հարությունյանի պնդմամբ, մինչ այդ ոստիկաններն իրենց հետևել են, մտել են վագոնները, անընդհատ կապ են հաստատել ինչ-որ մարդկանց հետ։ Դեպքի վայրում եղած ակտիվիստ Մարիա Պետրոսյանը պատմեց, որ այդ անձը նաև անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել իրենց հասցեին, բայց կողքը կանգնած ոստիկանները ոչ մի կերպ չեն միջամտել։

«Ինքը կարգադրություններ էր տալիս և իրեն լսում էին, հետևաբար նա ոստիկան էր, և երևի հենց մետրոյի ոստիկանության ներկայացուցիչ էր։ Անպայման կփորձենք պարզել իր անձը և հետևողական լինել, որովհետև նման անսանձ վարքագիծ դեռևս չէի հանդիպել»,- ասաց Պետրոսյանը։

Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը կասկած հայտնեց, որ միջադեպը նախապես պլանավորված է եղել։

«Իրենց պատմածից այդպես է երևում, որ նախապես պլանավորած են եղել, որովհետև սկզբից ասել են՝ մի բաժանեք, հետո թույլատրել են բաժանել։ Բայց այնտեղ մի ոստիկան է եղել, ով մոտեցել է երեխաներին, ասել է՝ «Երեխեք, ես ձեզ ուղղակի խորհուրդ եմ տալիս, մի բաժանեք»։ Իրենք հասկացել են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ , ուզել են մետրոյից դուրս գալ ու հանդիպել են այդ աժդահա մարդուն, ով այդպես է վարվել երեխաների հետ»,- ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է կալանավայրում գտնվող Շանթ Հարությունյանին, նա արդեն 15 օր հացադուլի մեջ է, բայց ոչ մի կերպ չի վերացվում ընտանիքի հետ տեսակցությունների վրա դրված արգելանքը։ Օրերս նրան և 13 օր հացադուլի մեջ գտնվող Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանին այցելել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հացադուլավորները հյուծված են, հացադուլը շարունակելն այլևս վտանգավոր է դառնում, բայց նրանք մտադիր չեն դադարեցնել այն։ Հացադուլը տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու պահանջով է։

«Պահանջներն անպայման պետք է բավարարվեն. դա պետք է ոչ թե պետք է դիտարկվի որպես «կապրիզ», (կներեք այդ արտահայտությունը թույլ տալու համար Շանթի և իր ընկերների նկատմամբ), այլ օրինական պահանջ, որովհետև չեմ գտնում, որ որևիցե իրավական հիմք կա արգելելու տեսակցել իրենց հարազատների հետ կամ հեռախոսային կապ ունենալու արտաքին աշխարհի հետ»,- ասաց Սաքունցը։

Կալանավորվածների և Շանթ Հարությունյանի անչափահաս որդու նկատմամբ նման վերաբերմունքը իրավապաշտպանը որակեց «քաղաքական հետապնդում»:

«Երբ ոստիկանապետի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնության և հոգեբանական ճնշումների փաստի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցում, Շահեն Հարությունյանի նկատմամբ ապօրինությունները, ճնշումները ուշադրության չեն արժանանում, պատասխանատվության չեն ենթարկվում ոստիկանության աշխատակիցները, և դա շարունակվում է նաև երթերի, ցույցերի ժամանակ Շահեն Հարությունյանի նկատմամբ ապօրինություններով, դա ապացուցում է, հիմնավորում է, որ իրավապահ մարմինները հստակ քաղաքական հրահանգ են ստացել՝ իրականացնել ճնշումներ ոչ միայն Շանթ Հարությունյանի և իր ընկերների նկատմամբ, որոնք գտնվում են անազատության մեջ, այլ նաև նրանց հարազատների նկատմամբ»,- ասաց իրավապաշտպանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG