Մատչելիության հղումներ

Նոր ձերբակալություններ Դինքի սպանության գործով


Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցին նվիրված բողոքի ակցիան Ստամբուլում, 19-ը հունվարի, 2012թ․

Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցին նվիրված բողոքի ակցիան Ստամբուլում, 19-ը հունվարի, 2012թ․

Զեյնել Աբիդին Յավուզը և Օսման Հայալը ձերբակալվել են դատարանի սանկցիայով:

Թուրքիայում նոր ձերբակալություներ են կատարվել Հրանտ Դինքի սպանության վերաբացված գործով:

Երեկ ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Զեյնել Աբիդին Յավուզին: Ըստ թուրքական աղբյուրների, Դինքի սպանությունը իրականացնելու համար սկզբում նրան էին ընտրել, բայց հետո իրականացնողը փոխվել է, Դինքի վրա ատրճանակից կրակել է Օգյուն Սամասթը, ով այդ ժամանակ դեռահաս էր ու դատապարտվեց 23 տարվա ազատազրկման:

Վերաբացված գործով Զեյնել Աբիդին Յավուզը ձերբակալվել ու բանտարկվել է Տրապիզոնի նահանգի Փիլիթլի բնակավայրում: Ոստիկանները նրան փողոցից բերման են ենթարկել ու բանտարկել:

Երկրորդ ձերբակալվածը Օսման Հայալն է: Յավուզի ձերբակալությունից մի քանի ժամ անց նա ձերբակալվել է Տրապիզոնում: Օսման Հայալը Յասին Հայալի եղբայրն է, վերջինս ցմահ ազատազրկման է դատապարտվել Դինքի սպանությանը դրդելու մեղադրանքով:

Նոր ձերբակալությունների սանկցիան տվել է Ստամբուլի քրեական բարձրագույն 14-րդ դատարանը:

«Ակօս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին:

Մոտ երկու տասնյակ կասկածյալներ էին անցնում նրա սպանության գործով, սակայն առաջին ատյանի դատարանը հիմնավորված չհամարեց կազմակերպված, զինված հանցախմբի գոյությունը: Դատարանը որոշեց, որ հանցագործությունը կատարել են անհատ, առանձին մարդիկ, ու դատապարտվեցին միայն երկուսը՝ Դինքի սպանությունը անմիջականորեն իրականացնողը և հանցագործության հրահրողը, կազմակերպիչը:

Սակայն անցյալ տարի վերաքննիչ դատարանը վերանայեց ավելի ցածր ատյանի որոշումը: Նախկինում արդարացված բոլոր 18 կասկածյալները նորից պետք է քննության ենթարկվեն: Անցած սեպտեմբերի 17-ին գործը պաշտոնապես վերաբացվեց: Հիմա դատարանը փորձում է պարզել թերևս ամենահիմնական հարցը՝ արդյոք Հրանտ Դինքի սպանությունը իրականացվել է կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից, որի մեջ նաև պետական պաշտոնյաներ կան՝ ոստիկաններ, անվտանգության ծառայությունների գործակալներ, աշխատակիցներ:

Վերաբացված գործով անցյալ տարի աշնանը ձերբակալվել էր ոստիկանության նախկին գաղտնի գործակալ Էրհան Թունջելը, և ահա այս տարվա հունվարի 7-ին ևս երկու կասկածյալ ձերբակալվեց՝ Զեյնել Աբիդին Յավուզը և Օսման Հայալը:

Նույն օրը տեղի է ունեցել վերաբացված գործով դատական հերթական նիստը: «Դինքի բարեկամներ» խմբի անդամները, իրավապաշտպան ակտիվիստները մինչև լսումների սկսվելը հավաքվել էին դատարանի շենքի մոտ՝ արդարադատություն պահանջող կարգախոսներով:

Թուրքիայում հայտնի գրող Ահմեթ Ումիթը ակտիվիստների խմբի անունից ներկայացրել է իրենց պահանջը, նա ընդգծել է, որ մինչև հիմա չեն հարցաքննվել Դինքի սպանության համար պատասխանատու պետական պաշտոնյաները, փոխարենը՝ որոշ պաշտոնյաներ ավելի բարձր կոչումներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG