Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքում դրանց ստորագրման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը։

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Պերու մեկնարկել է հունվարի 6-ին։ Նույն օրը կայացել Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգործնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը։

Պերուի արտգործնախարարը ողջունել է 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծել, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները: Նախարար Նալբանդյանն էլ նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխահրամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը և դա իր այցելության հիմնական նպատակն է։

«Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռիվասը մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Լիմայում նախարար Նալբանդյանը հանդիպել է նաև Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրային։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև կապերի և համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները:

Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG