Մատչելիության հղումներ

Նախագահի ամանորյա ուղերձը «հավատարմության ցուցադրությունն է Պուտինին»


ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը

ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը

Ընդդիմադիր պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձը հղել է ոչ թե հայ ժողովրդին, այլ Կրեմլին, և նպատակը հավատարմության ցուցադրությունն է Պուտինին:

«Ազատության» հետ զրույցում Արզումանյանն ասաց, թե ուղերձի հենց առաջին պարբերությունում Մաքսային միության հիշատակումը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են, ու Պուտինի վարչակազմը չի վստահում Հայաստանի ներկայիս իշխանություններին:

«Փորձ է արվում բոլոր նման առիթները օգտագործել` Ռուսաստանին ցույց տալու համար Հայաստանի իշխանությունների նվիրվածությունը, պատրաստակամությունն է'լ ավելի խորացնել հարաբերությունները: Վստահության պակասի վերականգնման փորձեր են սրանք: Եվ սա խոսում է այն մասին, որ վերջին մի քանի տարիներին, երբ Եվրամիության հետ բանակցություններ էին ընթանում, Ռուսաստանի հետ հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել, և վստահության պակաս կա», - նշեց նախկին արտգործնախարարը` շարունակելով. - «Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ անցած տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանին պարտադրվեց Մաքսային միությանը միանալու մասին որոշումը և ավելին՝ այժմ հայաստանյան իշխանություններին պարտադրում են ամեն անգամ վերահաստատել իրենց նվիրվածությունը Մոսկվային»:

Նախագահ Սարգսյանի ամանորյա ուղերձի հենց առաջին պարբերությունում կարդում ենք․ - «Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ»:

«Ինչպես չարություն արած աշակերտը ձգտում է ինչ-որ բանով ուսուցչին դուր գալ... Սա արգասիքն է այն քաղաքականության, որ մենք վարել ենք վերջին տարիներին: Այսինքն` ամբողջությամբ ստրկացման տանելուց հետո, հիմա մեզ հետ վարվում են որպես ստրուկի հետ: Պարտադրում են մեզ», - նշեց ՀՀՇ վարչության նախագահը:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Արմեն Մարտիրոսյանը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Արմեն Մարտիրոսյանը

«Երբ իր խոսքում Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնում, որ այս տարի մեր երկիրը կանդամակցի Մաքսային միությանը, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները իրավունքն ունեն մեր անունից հանդես գալ նման հայտարարությամբ, կամ կայացնել նման ճակատագրական որոշում՝ հաշվի առնելով կեղծված խորհրդարանական և նախագահական ընտրությունները»,- «Ազատության» հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: - «Այսինքն որևէ քննարկում` հրապարակային, Մաքսային միության հետ չի եղել: Մինչդեռ [ԵՄ] ասոցացման հետ կապված եղել է, և բոլորը կոնսենսուսի եկել են, որ այո` Հայաստանը պետք է ասոցացման ճանապարհով գնա»:

«Տարիներ շարունակ մեր օրենսդրությունը, կյանքը համապատասխանեցնում էինք եվրոպական չափանիշներին: Պատահական չէ, որ անգամ այդ նպատակով Ազգային ժողովում հատուկ հանձնաժողով ստեղծվեց՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Չէ՞ որ մենք չունենք Մաքսային միությանը ինտեգրվելու մշտական հանձնաժողով: Եվ այսօր, ցավոք սրտի, այդ տարիների աշխատանքը ընդամենը մեկ հանդիպումով` այն էլ ոչ Հայաստանում, այն էլ առանց քննարկման, նախագահը հայտարարում է, և այդ ուղղությունն են հիմա բոլորը սկսում պաշտպանել: Սա նշանակում է, որ իսկապես այն արժեքային համակարգը, որ կա իշխանության ներսում, ամբողջովին համապատասխանում է այն արժեքային համակարգին, որը գոյություն ունի Մաքսային միության տարածքում. Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը, դրանք ավտորիտար ռեժիմների ղեկավարներ են, որտեղ մեկ հոգու ասածը տարածվում է ամբողջ կառավարման համակարգի վրա», - հավելեց Մարտիրոսյանը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն «անհիմն և արհեստական» որակեց ընդդիմադիրների քննադատությունը՝ նշելով, որ Մաքսային միությանը միանալու մասին նախագահ Սարգսյանի սեպտեմբերյան հայտարարությունը վերջին շրջանի ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկն էր, որին և նախագահն անդրադարձել է իր ամանորյա ուղերձում:

«Կարծում եմ, երբ տարին ամփոփում ես, նաև դրա մասին պետք է խոսել: Պետք է այն հիմնական շեշտադրումներն անել, թե ինչի հետ կապված էր դա և ուր ենք գնալու, ինչ հեռանկարներ կան: Իսկ եթե ավելի լայն առումով նայենք ուղերձը, ապա այնտեղ ընտանիքից մինչև հեռու սահմանում կանգնած, ցուրտ վայրերում կանգնած զինվորին այդ ուղերձի մեջ կար որոշակի ինչ-որ վերաբերմունք կամ ինչ-որ անդրադարձ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սահակյանը:
XS
SM
MD
LG